Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի դժվար տարիներին Հայաստանի քաղաքագետների միությունը Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ սարի նման կանգնեց արցախահայության թիկունքին»

Հունվար 18,2013 15:32

Հայաստանի քաղաքագետների միության վարչությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին, ժամը 10-ին Կենտրոն և Նորք – Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Տիգրան Մեծի փողոց, 23/1 հասցեում, տեղի է ունենալու Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ իշխող վարչախմբի պատվերով հարուցված, սուտ մատնության վրա հիմնվող քրեական գործով դատավարության անդրանիկ նիստը: Դատավարությունը գալու է ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի փոխհամաձայության արդյունքում քաղաքական հալածյալի ճակատագրին արժանացած մեր կազմակերպության ղեկավարը ոչ միայն չի ընկճվել, այլ պատրաստ է դիմակայել քրեաօլիգարխիկ համակարգի պարագլուխների ոտնձգություններին:

Մենք համոզված ենք, որ ժողովրդի կամքով պատգամավոր ընտրված քաղաքագետից մանդատը խլելը և մարտի մեկի սպանդի գլխավոր կազմակերպիչներից մեկին հանձնելը, այդ նույն ժամանակ Հմայակ Հովհաննիսյանի դեմ երեք շինծու դատական գործերի հարուցումը ոչ այլ ինչ էին, քան դաժան քաղաքական հաշվեհարդար՝ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հմայակ Հովհաննիսյանի ջանքերով ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբի կազմավորման համար: Այդ հաշվեհարդարը հայրենական քաղաքական դաշտը վերջնականապես այլասերելու և ամայացնելու ծրագրի իրականացման նախերգանքն էր: Սույն ծրագրի իրագործման նպատակները բացահայտվեցին 2013 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ ժողովրդի անունից հանդես եկող փարիսեցիները սեփական ընտրողներին առանց խղճի խայթի հանձնեցին հանրապետական ղաչաղների քմահաճույքին:

Կոչ ենք անում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մտահոգ բոլոր կազմակերպություններին, քաղաքական ակտիվիստներին, միջազգային կազմակերպությունների հումանիտար ծրագրերի իրականացման համար պատասխանատուներին, Հայաստանում իրավական հասարակարգի ձևավորմամբ հետաքրքրված բարեկամ պետությունների դեսպաններին ուշադիր հետևել Հմայակ Հովհաննիսյանի դեմ իրականացվող դատավարություններին, որոնք ակնհայտորեն բացահայտելու են ավտորիտար վարչախմբից դատաիրավական համակարգի կախվածության հրեշավոր անատոմիան:

Մենք դիմում ենք Արցախի ժողովրդին, բոլոր արցախահայերին: Պատերազմի դժվար տարիներին Հայաստանի քաղաքագետների միությունը Հմայակ Հովհաննիսյանի գլխավորությամբ սարի նման կանգնեց արցախահայության թիկունքին: Դրանում համոզվելու համար հերիք է աչքի տակով անց կացնել այդ տարիների մամուլը: Պարբերականների էջերից արցախյան շարժման շեփորի նման մշտապես հնչել է մեր տրամաբանված խոսքը. մենք միևնույն ծառի ճյուղերն ենք: Այսօր, երբ ձեր երկրացին Հանրապետության Նախագահի պաշտոնի բարձրունքից ապերախտաբար ուրացավ մեր վաստակը, ենթարկելով հալածանքների այն նույն մարդուն, ով մշտապես իր գիտելիքներով նեցուկ է եղել ձեզ, մի՞թե լռելու եք, մի՞թե առաջնորդվելու եք այսօր մոդայիկ դարձած ազգակործան մոտեցմամբ՝ <<ղարաբաղցին ղարաբաղցուն չպետք է հակադրվի>>: Մի՞թե չեք սանձելու Սերժ Սարգսյանի չարությունը այնպես, ինչպես Հմայակ Հովհաննիսյանն էր տասը երկար ու ձիգ, ձեզ համար ամենադժվար տարիներին  սանձում նրանց, ովքեր պնդում էին, թե ղարաբաղցիների փրկությունը ՝ ղարաբաղցիների գործն է:

Միացեք մեզ և միասին ապացուցենք աշխարհին, որ մեզանում խորթ եղբայրներ և քույրեր չկան ՝ բոլոր հայերը հարազատներ են և միահամուռ հակադրվում են Հայաստանում այսօր գերիշխող անարդարությանը:

Ընդունվել է ՀՔՄ մասնագիտական սեկցիաների

ներկայացուցիչների համաժողովում

ս. թ. հունվարի 17-ին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031