Սթրեսները, էկոլոգիան, սնունդը, ոչ առողջ ապրելակերպը քաղցկեղով հիվանդանալու ամենաառաջին նախապայմաններն են: 15 տարիների ընթացքում Հայ- ամերիկյան առողջության կենտրոնն ունեցել է մոտ 300 հազար այցելու, որից 8000-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այդ հիվանդների թվում կան նաեւ տղամարդիկ: Այսօր կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ամբողջ աշխարհում եւ նաեւ Հայաստանում քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը տարեցտարի աճում է. «Ինչքան դարը զարգանում է, տեխնոլոգիաները զարգանում են, այնքան, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը մեծանում է: Ողջունելի է, որ մեր երկրում դիմելիությունը բարձրացել է եւ մարդիկ ավելի վաղ փուլում են դիմում ախտորոշվելու, ինչը, շատ դեպքերում, լիարժեք բուժվելու հնարավորություն է տալիս: Մեզ դիմած 8000-ից 3800-ի մոտ քաղցկեղը հայտնաբերվել է ամենավաղ փուլում: Օրվա կտրվածքով 110 այցելու ենք ունենում: Նրանցից 10-12-ը վճարունակ չեն լինում եւ բարերարների աջակցությամբ ենք նրանց հետազոտում: Մեր կենտրոնում ախտորոշումն արժե 15-20 հազար դրամ»:
Տիկին Հակոբյանի խոսքերով, կան մի շարք հիվանդություններ, որոնք կարող են լինել նախաքաղցկեղային. «Սակայն հայ կանայք, ինչպես աշխարհի բոլոր կանայք վախկոտ են եւ բժշկի դիմելիս վախով են գալիս կենտրոն: Բայց երբ զրուցում են մեր բժիշկների հետ, արդեն վախն անցնում է եւ հիվանդությանը մարտահրավեր են նետում»: Կենտրոն այցելող բոլոր անվճարունակ կանանց սպասարկելու համար
Հայ- ամերիկյան առողջության կենտրոնի տնօրինությունը որոշել է վերանորոգված ու տեխնիկապես հագեցած դահլիճը վարձակալությամբ տալ, որից ստացված գումարներն ամբողջությամբ կուղղվեն անապահով խավի հետազոտություններն անվճար կազմակերպելուն: Այսօր այդ դահլիճի բացումն էր: Տիկին Հակոբյանի ներկայացմամբ, դահլիճը նախատեսված է տարբեր տիպի միջոցառումների համար եւ մեկ օրվա վարձակալության գումարը 250 հազար դրամ է: Հավելյալ գումարների շնորհիվ, կենտրոնի տնօրենի հաշվարկներով, ամսական եւս 8 կնոջ անվճար կհետազոտեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ