«Մրցույթ-փառատոնին Արցախից ներկայացված է եղել եւս 24 հայտ, սակայն ելնելով ինչ-ինչ տեխնիկական հիմնախնդիրներից, կազմկոմիտեն որոշել է նրանց մասնակցությունը հետաձգել որոշակի ժամանակով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երիտասարդության կամք» ԵՀԿ նախագահ Աննա Գրիգորյանը:
Հունվարի 24-25-ին տեղի է ունենալու ՀՀ Զինված ուժերի եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի կազմավորման 21- ամյակին նվիրված «Ինձ բացակա չդնեք» խորագրով ասմունքի եւ երգի ուսանողական հանրապետական մրցույթ- փառատոնը: Մրցույթ-փառատոնի հայտերն ընդունվել են 2012 թ. դեկտեմբերի 10-ից մինչեւ 30-ը: Ըստ մրցութային ծրագրի պահանջի, մասնակիցները կներկայացնեն արցախյան ազատամարտի մասնակիցների եւ հայկական բանակի զինծառայողների հեղինակած ստեղծագործությունները՝ երգերն ու բանաստեղծությունները: «Ասմունք» անվանակարգում հանդես կգան 14, իսկ «Երգ» անվանակարգում՝ 8 հայտատու-մասնակիցներ:
Բանախոսի համոզմամբ՝ փառատոնը եզակի է` պարտադիր պայմանն է ասմունքել, կամ երգել, նպատակն է ճանաչելի դարձնել արցախյան պատերազմի հերոսների եւ զոհված ազատամարտիկների գործերը, ստեղծագործություններն եւ անունները.
«Ունենք ՀՀ-ում գործող բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական-մասնագիտական հաստատությունների ուսանողներից ստացված 22 հայտեր: Ժյուրիի կազմում ընդգրկված են մշակույթի անվանի գործիչներ, ռազմական եւ հասարակական ասպարեզների ներկայացուցիչներ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ