Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակվում են հայրենիքի դավաճանության համար դատապարտված Կարեն Մեհրաբյանի գործով որպես օժանդակող ներգրավված Աշոտ Չտրկյանի մոր` Անահիտ Չտրկյանի բաց նամակները, ուր նա իր բողոքն է արտահայտում նախաքննության ընթացքում իր որդու նկատմամբ իբր թույլ տրված խախտումների, աղավաղումների դեմ: ԱԱԾ–ին ուղղված մեղադրանքներն «Արմենպրես»-ի խնդրանքով պարզաբանեց ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը:
-Լավ հասկանալով մոր զգացմունքները, որդուն պաշտպանելու ցանկությունը, որպես մայր նրա անվստահությունը գործով ձեռք բերված ապացույցների նկատմամբ, նշեմ, որ գործը քննվել է համապատասխան ատյաններում, անհերքելի ապացույցների ներքո կայացվել է համապատասխան դատավճիռ և Աշոտ Չտրկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օրենսգրքի 38-299 հոդվածներով, այն է, հայրենիքի դավաճանությանն օժանդակելու համար:
–Անահիտ Չտրկյանը նամակներում բողոքում է քննչական մարմինների աշխատանքից, որ որդուն մեղադրում են, ընդամենը, ընկերոջը կնոջ հետ «սկայպով» խոսելու համար համակարգիչ տրամադրելու մեջ, և որ գաղտնալսված հեռախոսազրույցներից վերցվել են հատվածներ, դրանք մոնտաժվել են և այդ ճանապարհով դարձել քննիչի ուզած նախադասություններ:
-Առաջինը նշեմ, որ խոսքը գնում է ոչ թե համակարգչի, այլ «սկան» կոչվող սարքավորման մասին, որը հնարավոր չէ որպես «սկայպ» օգտագործել: Չտրկյանը, քաջատեղյակ լինելով, որ Մեհրաբյանը Թուրքիայում վարձատրություն է ստանում ազգությամբ ադրբեջանցուց և որ վարձատրությունը Հայաստանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու դիմաց է, կատարել է վերջինիս պահանջները` գտել է առանձին, մեկուսի վայր և «սկան» կոչվող սարքավորում, որով պատճենահանված փաստաթղթերը հետագայում Մեհրաբյանը տարել է Թուրքիա:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է հեռախոսազանգերի իբր թե մոնտաժելուն, նշեմ, որ գործում օրենքով սահմանաված կարգով, դատարանի որոշմամբ, առկա են Կարեն Մեհրաբյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ամբողջական վերծանումները, որոնց պատճեները տրամադրվել են և դատապաշտպաններին, և մեղադրյալներին, և դրանք սահմանված կարգով հետազոտվել են դատական քննությունների ընթացքում:
Ուզում եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն ցավով է ընդունում ՀՀ քաղաքացիների կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ցանցն ընկնելու յուրաքանչյուր դեպք: Փաստեմ, որ նույն Անահիտ Չտրկյանի նշած երիտասարդներից երեքը դատապարտվել են ծանր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու համար:
Սակայն հարկ եմ համարում նշել, որ մեր գործունեության ընթացքում քիչ չեն այն դեպքերը, երբ նման իրավիճակներում հայտնված մեր քաղաքացիները կամովին ներկայացել են, հայտնել իրենց հետ տեղի ունեցածի մասին և ՀՀ օրենքի նորմերի համաձայն որոշում է կայացվել նրանց պատասխանատվությունից ազատելու մասին: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին զգոն լինել և նմանատիպ դեպքերում անհապաղ դիմել ԱԱԾ համակարգի օգնությանը: