Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանցակազմ չեն գտել

Հունվար 18,2013 14:44

2011թ. նոյեմբերի 13-ին Իջեւանում կայացան քաղաքապետի ընտրություններ, որոնց արդյունքում 1999թ.-ից Իջեւանը ղեկավարող Վարուժան Ներսիսյանին փոխարինեց Վարդան Ղալումյանը:Վերջինս ծառայողական պարտականությունները պետք է ստանձներ դեկտեմբերի 22-ին, սակայն Վ. Ներսիսյանը չի ազատել աշխատասենյակը, որի պատճառով Վարդան Ղալումյանը քաղաքապետի պարտականությունների կատարմանն անցել է դեկտեմբերի 26-ին:

Այդ օրը Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Աստղիկ Եգանյանը, որն այդ ժամանակ փոխարինում էր քաղաքապետարանի գույքահարկի բազայի աշխատողին, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի դրդմամբ մի օբյեկտի վերջին 5 տարվա գույքահարկի 1 միլիոն 900 հազար դրամ պարտքից գույքահարկի բազայում մուտքագրել է 1 միլիոն 123 հազար դրամ: Իրականում պարտքը մարվել է միայն համակարգչում, այդ գումարը չի մուծվել: Սակայն նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանը հասկացել է կատարվածը:

Դրա մասին Աստղիկ Եգանյանը տեղյակ է պահել Վարուժան Ներսիսյանին: Վերջինս 2012թ. հունվարի 26-ի երեկոյան զանգահարել է քաղաքապետարանի աշխատակից Մարինե Գրիգորյանին` նրանից խնդրելով այն աշխատասենյակի բանալին ,որտեղ գտնվում է գույքահարկի բազայի տվյալներով համակարգիչը:

Նույն գիշերը Աստղիկ Եգանյանը նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի ավտոմեքենայով ժամանել է քաղաքապետարանի շենք, մտել այդ աշխատասենյակ եւ փորձել համակարգչում վերականգնել նախնական իրավիճակը, այսինքն` ցույց տալ այդ հիմնարկի ունեցած գույքահարկի պարտքի իրական չափը: Աստղիկ Եգանյանին համակարգչային այդ գործողությունը չի հաջողվել եւ նա առավոտյան Վարուժան Ներսիսյանի ավտոմեքենայով քաղաքապետարանի շենք է եկել երկրորդ անգամ: Ի վերջո Աստղիկը «վերականգնել» է այդ հիմնարկի գույքահարկի պարտքը: Սակայն քաղաքապետարանում կատարվածը պարզվել է, Աստղիկ Եգանյանը քաղաքապետ Վարդան Ղալումյանի մոտ ընդունել է իր կատարած ապօրինությունը:

Աստղիկ Եգանյանը, Մարինե Գրիգորյանը, քաղաքապետարանի պահակ Արմեն Օթարյանը կատարվածի մասին զեկուցագրեր են գրել քաղաքապետ Վարդան Ղալումյանին, որտեղ ներկայացրել են կատարվածը:

Նշենք, որ գույքահարկի տվյալներով համակարգչի սենյակի բանալին Աստղիկին տրամադրած Մարինե Գրիգորյանը Իջեւանի պահակային ծառայության պետ Գագիկ Գրիգորյանի հարազատ քույրն է: Աստղիկ Եգանյանը, Մարինե Գրիգորյանը ներկայումս Իջեւանի քաղաքապետարանում չեն աշխատում:

Քաղաքապետ Վ. Ղալումյանը կատարվածի առթիվ գրավոր դիմել է Տավուշի մարզի դատախազություն: Դատախազությունից տեղեկացանք, որ ոստիկանության հետաքննության ծառայությունը կատարված դեպքերից մեկ տարի անց մերժել է քրեական գործի հարուցումը, քանի որ կատարված գործողություններում հանցակազմ չկա, դրանք հետեւանք չեն առաջացրել: Քաղաքապետ Վարդան Ղալումյանին գրավոր չեն հայտնել, որ քրեական գործի հարուցումը մերժված է: Քաղաքապետը տարակուսանք հայտնեց քրեական գործ չհարուցելու առթիվ, ասելով.

-Եթե կողոպտիչները մի բանկ թալանեին, հաջորդ գիշեր վնասը վերականգնեին, ուրեմն ` քրեական գործ չէր հարուցվելո՞ւ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031