ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանին և Կիևի հայկական համայնքին կից հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Կարինե Թումաղայանին:
Սփյուռքում հայ համայնքի գոյատևման գործում կարևորելով հայ մանուկներին մայրենի դասավանդող ուսուցչի դերը` ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունում հիմնվել են մեդալներ, որոնց արժանանում են Սփյուռքում ապրող և համայնքի կյանքում ավանդ ներդրած լավագույն անհատները: Իսկ հայկական դպրոցներում դասավանդող մանկավարժների դերն անգնահատելի է:
Այսօրվա դժվարին պայմաններում, երբ Սփյուռքի հայ մանկավարժը կարող է զբաղվել առավել շահավետ աշխատանքով և հոգալ ընտանիքի հոգսերը, նախընտրում է ուսուցչի անձնվեր և դժվարին ուղին` գիտակցելով ազգանվեր գործունեության հրատապությունն ու անհրաժեշտությունը: «Մենք անսահման շնորհակալ ենք ձեզ և օգտագործում ենք բոլոր հնարավոր առիթները` խրախուսելու և ոգևորելու ձեր գործունեությունը, գնահատելու հայ մանկավարժի վաստակը», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, այդ բնագավառում ակնառու նվաճումների ու ձեռքբերումների, ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Սփյուռքի միջհամայնքային կապերի ամրապնդման գործում մեծ ներդրում ունենալու համար սփյուռքահայ վաստակավոր մանկավարժներ Կարինե Թումաղայանը և Օֆելյա Առաքելյանը պարգևատրվեցին ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով, որը նրանց հանձնեց գերատեսչության ղեկավար տիկին Հակոբյանը հանդիպման ժամանակ:
Կարդացեք նաև
Շնորհակալություն հայտնելով նախարարին իրենց համայնքների, մասնավորապես` համայքներում գործող հայկական դպրոցների նկատմամբ մշտական ուշադրության և հոգածության համար` տիկին Թումաղայանը և տիկին Առաքելյանը նշեցին, որ «Վիլյամ Սարոյան» մեդալով պարգևատրումն առաջին հերթին մեծ պատասխանատվություն է այն վստահության հանդեպ, որ ցուցաբերվել է իրենց հանդեպ, և պարտավորություն` ավելի լավ աշխատելու:
«Իրականում Դուք օրինակ եք դարձել մեր երիտասարդության համար Սփյուռքում, տիկին Հակոբյան, մենք դիտում ենք Ձեր բոլոր ելույթները և ընթերցում հարցազրույցները: Դրանք համախմբում են մեզ և ոգևորում` ավելի լավ գործելու», – նշեց Մոսկվայի N 1650 բազմամշակութային դպրոցի հիմնադիր և տնօրեն Օֆելյա Առաքելյանը:
«Հայ ուսուցիչը հայ մտավորականության զարդն է և դուք եք այդ փայլը հաղորդում մեր երեխաներին», – ընդգծեց ՀՀ սփյուռքի նախարարը:
Խոսելով 2012թ. «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում իր արդյունավետ վերապատրաստման մասին` տիկին Թումաղայանը տեղեկացրեց, որ 2013թ. նույն ծրագրի շրջանակներում հայերեն սովորելու կամ իրենց իմացությունը կատարելագործելու նպատակով մեծ թվով երեխաներ ու պատանիներ են ցանկություն հայտնել մասնակցելու «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի դասընթացին:
Քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք մերձեցման, ՀՀ սփյուռքի նախարարության մյուս ծրագրերին ավելի մեծ թվով ուսուցիչներ և աշակերտներ ներգրավելու հարցեր:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ