Այսօր «Տեսակետ» ակումբում լրագրողները «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեղեկացրին, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է անում եւ հետաքրքրվեցին՝ հետեւելո՞ւ է նրա կոչին, որ միասին բոյկոտեն ընտրությունները, եթե ընդդիմադիր են: Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց՝ հետեւել կոչի՞ն, թե՞ հացադուլին. «Հացադուլն իմ համար պրոբլեմ չէ: Ես էլ 15 օրը կարող եմ դարձնել 30 օր: Բայց ես կոչ կանեի իմ հարգելի մրցակցին չդիմել այդ քայլին»:
Հարցին՝ քաղաքական PR հնարքների դիմելո՞ւ եք, Րաֆֆի Հովհաննիսյանը զարմացավ՝ ի՞նչ ասել է քաղաքական PR հնարք. «Եթե 20 տարի առաջ ասում էին, որ իմ բարեւելը քաղաքական հնարք է, ես իմ բնավորությունը չեմ փոխել, քաղաքական հնարքների դիմելու եմ: Այո, լինելու է քաղաքական PR»:
Նախորդ ասուլիսում պարոն Հովհաննիսյանն ասել էր, որ կա երկու Հայաստան՝ Սերժի եւ Րաֆֆիի, ինչի համար քննադատության էր արժանացել: Այսօր նա պարզաբանեց, թե ինչ է նկատի ունեցել. «Եթե իմ խոսքը իմ առոգանության պատճառով դիտարկվել է, որ ես կարող եմ պատկերացնել, որ կան տարբեր Հայաստաններ եւ ոչ թե մեկ Հայաստան, ես կուղղեմ այդ տարընթերցումը՝ իհարկե, Հայաստանը մեկն է»:
2012-ի հայտարարագրում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ չունի աշխատանք: Հարցին՝ Դուք գործազո՞ւրկ եք՝ նա պատասխանեց, որ ընտանիքը ԱՄՆ-ում աշխատելով փաստաբաններ, եկել եւ հիմա ընտանիքն է հոգում ծախսերը. «Ես բիզնես չունեմ: Եթե խոսում ենք բյուջեն ճարպահանելու մասին, ստվերը հանելու մասին, դա պետք է արվի սեփական օրինակով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ