«Որպես նախագահի թեկնածուի կերպարներ՝ ավելի վառ ու կոնկրետ արդյունքին են միտված Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարները»,- Aravot.am-ի հետ զրույցում քննելով ՀՀ «նախագահացուների» հոգեբանական տիպարները՝ այսպիսի կարծիք հայտնեց հոգեբան Իզաբելլա Ղազարյանը:
Մեր այն հարցին, իսկ թեկնածուներից ո՞վ է ավելի մոտ հաղթանակին, տիկին Ղազարյանն այսպես պատասխանեց. «Հաղթելու շանսը երեք հոգու է տրված՝ Սերժ Սարգսյան, Հրանտ Բագրատյան, Րաֆֆի Հովհաննիսյան, քանի որ նրանք հաղթանակի հասնելու հիմնական հոգեբանական որակների կրող հիմնական ներկայացուցիչներն են»:
Հետաքրքրվեցինք՝ իսկ այս ընտրապայքարում վառ անհատականություններ կա՞ն: Հոգեբանը նշեց. «Օրիգինալ կերպար է Պարույր Հայրիկյանը, զուտ իր անցած փորձով, իր կենսագրությամբ և մոտեցումներով: Բայց ընտրություններում հաղթելու և արդյունքի հասնելու համար այլ հոգեբանական որակներ են պահանջվում, բացի վառ անհատականություն լինելը: Հիմնականում շեշտը դրվում է երեք կարևոր որակների վրա՝ կամք, բարոյականություն և ինետելեկտ: Բոլոր թեկնածուները երեքն էլ, բնականաբար, ունեն, բայց օրինակ՝ Սերժ Սարգսյանի մոտ ընդգծված են կամային որակները, Հրանտ Բագրատյանն ավելի աչքի է ընկնում ինտելեկտուալ որակներով, Րաֆֆի Հովհաննիսյանը բարոյահոգևոր բևեռին է շեշտը դնում՝ չնայած մյուս հատկություններն էլ կան: Պարույր Հայրիկյանը ազգային, հոգևոր, գաղափարական, բարոյական բևեռին է հակված: Մնացածները համեմատաբար նոր են ու փորձում են ինչ-որ հոգեբանական ֆոն ստեղծել: Մի գիծ են վերցնում, որ լսելի դառնան, քանի որ չունեն քաղաքական բագաժ, կենսագրություն, փորձ: Դրա համար էլ մեկը բոյկոտում է, մյուսը նամակներ է գրում, փորձում են այլ օրիգինալ մոտեցումներով գրավել ու տեսանելի լինել»:
Իզ. Ղազարյանը թեկնածուների շրջանում խարիզմատիկ կերպար չի տեսնում ու նշում. «Ժամանակակից աշխարհում խարիզմատիկ կերպարներ հիմնականում չկան: Ֆիդել Կաստրոն է, մեկ-երկու կերպարներ: Իմ կարծիքով՝ ժամանակին Հայրիկյանն է եղել խարիզմատիկ կերպար, բայց խարիզման երբեմն կորելու հատկություն ունի, և Հայրիկյանը դա կորցրել է: Ժամանակակից մոտեցումների համաձայն՝ խարիզմատիկ լինելը հաճախ առաջնային չի համարվում: Ավելի առաջնային է համարվում մարդու ֆունկցիոնալությունը: Իսկ արդյունավետության տեսանկյունից զուտ որպես կերպար, մարդ ֆունկցիա, մարդ համակարգ Սերժ Սարգսյանն է: Կապ չունի՝ ինքն ինչ արդյունքների է հասել, բայց որ համակարգի մեջ է գործում և համակարգն է առաջ տանում ու ղեկավարում, դա արդեն արդյունավետություն է»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ