Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍԿԱԿԱՆ ՎԱՆԵՑԻՆ

Հունվար 18,2013 14:06

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսաներորդ

ԻՍԿԱԿԱՆ ՎԱՆԵՑԻՆ

Եվ Արայիկը  ժպտալով Շերենցին հարցրեց՝ «Փափազին էլ ե՞ս ճանաչել»,  եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Փափազին սաղ Լեննականը կճանչնար» եւ մի քիչ էլ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «կարեւորն էն է, օր Փափազն էլ ինձի՛ կճանչնար», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «անձա՞մբ», եւ Շերենցը  մի քիչ  մտածեց ու ասաց՝ «Փափազն օր Լեննական Օթելլո կխաղար, ես էրեխա տղա էի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էրեխա տղա էի, բայց արդեն թատրոն ելումուտ ունեի», եւ Ռուբոն փռթկացնելով Արայիկին ասաց՝ «Փափազն էլ Շերենցին ա մազալու անուն կպցրել», եւ Արայիկը  փռթկացնելով հարցրեց՝ «ի՞նչ մազալու անուն», եւ Ռուբոն նայեց Շերենցին ու ժպտալով հարցրեց՝ «ասե՞մ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «թե շատ կուզես՝ ասա», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «Փափազը Շերենցին ասել ա Պոնչո», եւ Արայիկը փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «Փափազն օր կուգար Լեննական Օթելլո խաղալու, ամեն ինձի տեսնելուց հարցներ գը՝ «աղե՞կ ես, Պոնչո», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ Արայիկը փռթկացնելով հարցրեց՝ «բա դո՞ւ ինչ էիր ասում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ես ի՞նչ պիտի ասեի. ես էն վախտերը մի մատ էրեխա էի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «մի մատ էրեխա  էիր, բայց արդեն թատրոն ելումուտ ունեիր», եւ Արայիկը  ժպտալով Ռուբոյին ասաց՝ «մեկ ա՝ չես կարա ցրես», եւ Ռուբոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչը», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «մեկ ա՝ էդ եզդու քանդակի պատմությունը պիտի պատմես», եւ Ռուբոն նեղսրտելով Արայիկին ասաց՝ «վազն արի», եւ Ներսիսյանն Արայիկին ասաց՝ «եթե մարդը չի ցանկանում պատմել, հո չենք ստիպի», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «թե որ դու չպատմես, ես կպատմեմ, Ռուբո տղա», եւ Ռուբոն զարմացած նայեց Շերենցին ու հարցրեց՝ «ի՞նչ կպատմես», եւ Շերենցը փռթկացնելով պատասխանեց ու ասաց՝ «էդ եզդիների պատմությունը», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ոգեւորված  Շերենցին ասաց՝ «որ էդ պատմությունն իմ տեղակ պատմես, մի շիշ արաղ կառնեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «գիտես օր րախի չեմ խմե, էդոր համար կըսես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝  «մառոժնի կառնեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «կոկորդս ցավա գը», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «ամեն օր էդ ես ասում, բայց որ տեղը գալիս ա, մի կիլո մառոժնին մի րոպեում հուպ ես տալի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու արդարանալով ասաց՝ «էդ մառոժնիներն օր կառնիս, չեմ ուզե խաթրդ կոտրեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու կոկորդը բռնելով ավելացրեց՝  «էս անտեր կոկորդիս ցավն օր կսկսվի, ամսից ավել քաշե գը», եւ Արայիկը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «գլաններդ ինչի՞ չես հեռացնում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կակռազ Ֆրունզի թաժա հարեւանուհին գլանների գծով բժշկուհի է» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «շատ անուշիկ աղջիկ է», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «իրան ասա, թող գլաններդ հեռացնի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «որ գլաններդ հեռացնի, հետո արդեն կարաս տոննաներով մառոժնի ուտես», եւ Շերենցն ամոթխած ժպտալով ասաց՝ «մառոժնի շատ կսիրեմ» եւ մի քիչ  մտածեց ու նեղսրտելով ավելացրեց՝ «բայց էս անտեր կոկորդս պադվադիտ կէնե», եւ Արայիկը Շերենցին ասաց՝ «էդ աղջկան ասա, թող հեռացնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզն օր ասի, երեւի ավելի ճիշտ կէղնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքը Ֆրունզին պաշտե գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «մարդաթող աղջիկ է, բայց շատ անուշիկ աղջիկ է», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին հարցրեց՝ «որ մարդաթող ա, էլ ո՞նց ա աղջիկ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ինքն օր շատ սիրունիկ է, էդոր համար աղջիկ կըսեմ», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «էրեւում ա՝ սիրտդ էդ աղջկան կպել ա», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ամոթ է» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինքն ինձ աղջկա տեղ կուգա», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «էդ աղջկան ասա՝ թող գլաններդ հեռացնի, որ արխային մառոժնի ուտես», եւ Ռուբոն փռթկացնելով Շերենցին ասաց՝ «մենակ նայի՝ հանկարծ գլաններիդ տեղակ ուրիշ բան չհեռացնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «ամոթ է, այ Ռուբո» եւ մի քիչ էլ մտածեց ու ամոթխած ժպտալով ավելացրեց՝ «էդ էրեխեն ինձի աղջիկ կուգա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց Ֆրունզին պաշտե գը» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Ֆրունզի համար խելքն իրանը չի», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «բա ասում ես՝ էրեխա աղջիկ ա», եւ Շերենցը  մի քիչ մտածեց ու ամոթխած ժպտալով ասաց՝ «ինձի համեմատ է էրեխա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կմոռնաս, օր Ֆրունզն ինձնից ահագին ջահել է», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «Ֆրունզը համ քեզնից ջահել ա, համ էլ քեզնից սիրուն ա», եւ Շերենցը բավական երկար մտածեց ու ասաց՝ «Ֆրունզն ինձնից գեշ է, բայց Աստված աշխրքի հմայքը Ֆրունզի մեջ է դրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «չհաշված՝ Ֆրունզի անունն ու տաղանդը», եւ Արայիկը ժպտալով Շերենցին ասաց՝ «Ֆրունզին ասա, թող էդ աղջկան ասի՝ գլաններդ հանի՝ ռադ անի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «օր տեղը գա, ես ինքս էլ կրնամ էդ աղջկան ասեմ», եւ Արայիկը հարցրեց՝ «բա ինչի՞ չես ասում», եւ Շերենցն ամոթխած ժպտալով ասաց՝ «ճիշտն ասած, մի անգամ ասել եմ», եւ Արայիկը հարցրեց՝ «բա ի՞նչ ասեց», եւ Շերենցն ասաց՝ «ասեց, օր իմ տարիքում էդ գլանների ապերացին շատ բարդ է. կրնա շատ բարդ հետեւանքներ ունենա», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ես էլ եմ կարծում, որ բարդ հետեւանքներ կունենա», եւ Արայիկը Ռուբոյին հարցրեց՝ «ի՞նչ բարդ հետեւանքներ», եւ Ռուբոն փռթկացնելով ասաց՝ «հանած գլաններով կարող ա Շերենցին դրախտ չթողնեն», եւ Շերենցն առանց Ռուբոյի ասածին ուշադրություն դարձնելու՝ Արայիկին ասաց՝ «իմ տարիքի մարդկանց գլանները ոսկրացած են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հեռացնելը դժվար է», եւ Արայիկը փռթկացնելով Ռուբոյին հարցրեց՝ «ոսկրացած  գլաններով կթողնե՞ն դրախտ», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «շաբաթ օրը որ գյուղ գնամ, մեր գյուղի տերտերից կճշտեմ», եւ Արայիկը Ռուբոյին հարցրեց՝ «էն խաշլամա ուտողի՞ց», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ծիծաղելով Ռուբոյին ասաց՝ «Շերենցն ավելի հեշտ դրախտ կընկնի, քան՝ ձեր գեղի էդ տերտերը», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով Արայիկին ասաց՝ «նույնիսկ իմ ու քո շանսերն են  էդ տերտերից ավել», եւ Շերենցը նեղսրտելով ասաց՝ «ձեր դրախտն էլ ձեզ ըլնի, ձեր  մառոժնին էլ», եւ Արայիկը փռթկացնելով ասաց՝ «Շերենցի ուշքումիտքը ոչ թե դրախտն ա, այլ՝ մառոժնին» եւ մի քիչ մտածեց ու Ռուբոյին հարցրեց՝ «մի մառոժնին ի՞նչ ա, որ էս մարդու համար չես առնում», եւ Ռուբոն զարմացած նայեց Արայիկին ու հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի չես առնում», եւ Արայիկն ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մենք վանեցի ենք», եւ Շիրազն Արայիկին ասաց՝ «դու ի՞նչ վանեցի, այ բալա. իսկական վանեցին Ռուբենի աներն է՝ Մկրտիչ Խերանյանը», եւ Արայիկը հորն ասաց՝ «Խերանյանը ոչ թե Ռուբոյի աներն ա, այլ՝ աներոջ աները», եւ Շիրազն  ասաց՝ «իսկական վանեցին ինքն է», եւ Արայիկն ասաց՝ «Խերանյանն իրա հայաթի մեջ Վանա լճի նմանությամբ ջրավազան ա սարքել», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «բայց մասշտաբով Վանա լճից ահագին փոքր ա», եւ Շիրազն ասաց՝ «կարեւորը ոչ թե չափսերն են, այլ՝ գաղափարը», եւ ես ասացի՝ «համ գաղափարն ա լավ, համ էլ Վանա լճին շատ ա նման», եւ Արայիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «տեսել ե՞ս», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Արայիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «իսկական Վանա լիճն էլ ե՞ս տեսել», եւ ես ասացի՝ «իսկականը չեմ տեսել, բայց իրանց բակի էդ ջրավազանը տեսել եմ», եւ Արայիկը ժպտալով ինձ հարցրեց՝ «որ իսկականը չես տեսել, ո՞նց ես ասում, որ իսկականին շատ ա նման», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «քարտեզով եմ ասում», եւ Ռուբոն ասաց՝ «Խերանյանն էդ ջրավազանը  հենց քարտեզով էլ սարքել ա տվել», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «Ռուբոն սաղին տանում՝ էդ ջրավազանը ցույց ա տալիս», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էդ ջրավազանը Ռուբոյից շուտ եմ տեսել», եւ Ռուբոն ասաց՝ «Արմոյի մայրիկն  ու  զոքանչս նույն դպրոցում են աշխատում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ շատ մոտիկ ընկերուհիներ են», եւ Արայիկը ժպտալով ինձ ասաց՝ «փաստորեն , Ռուբոն ու դու համարյա բարեկամներ եք», եւ Ռուբոն ասաց՝ «Արմոյի ծնողները փառահեղ մարդիկ են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ես իրանց շատ եմ հարգում», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «Արմենին  չես հարգո՞ւմ», եւ Ռուբոն պատասխանեց ու ասաց՝ «Արմենին էլ եմ շատ հարգում», եւ Շիրազն ասաց՝ «Արմենն օր ինձի լսե, շատ ուժեղ բանաստեղծ կդառնա», եւ Արայիկը ժպտալով հորը հարցրեց՝ «քեզ չի լսո՞ւմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ հարցրեց՝ «ի՞նչ ա ասել, որ չես լսել», եւ ես ժպտալով ասացի՝ «ասել ա, որ շեշտը հայրենասիրության վրա դնեմ», եւ Շիրազը ժպտալով ինձ ասաց՝ «լավ էլ հիշես գը», եւ Շերենցը ժպտալով ասաց՝ «վարպետի ասածն ի՞նչըղ կրնա մոռանա», եւ Ռուբոն Շիրազին ասաց՝ «Արմոն Իգդիրի ու իրա տատի մասին լավ էլ հայրենասիրական ա գրել», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու մատը ծալելով ասաց՝ «էս մի մատս խուփ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ ասաց՝ «պիտի էդ ոգով շարունակես», եւ ես ժպտալով  ասացի՝ «Վանա լճի մասին էլ եմ գրել», եւ Լեւոն Ներսիսյանը ժպտալով ինձ հարցրեց՝ «իսկականի՞, թե՞ այդ լողավազանի», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «իսկականի», եւ Ռուբոն ժպտալով Ներսիսյանին ասաց՝ «լողավազան չի. շատ պստիկ՝ սիմվոլիկ ջրավազան ա», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «չափսերով  շատ պստիկ ա, բայց գաղափարական առումով շատ ա մեծ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «էդ ջրավազանի մասին պիտի գրեիր»,  եւ ես զարմացած հարցրի՝ «ինչի՞», եւ  Արայիկը ժպտալով ասաց՝ «որովհետեւ էդ ջրավազանը տեսել ես, իսկ իսկական Վանա լիճը չես տեսել», եւ Ռուբոն  ժպտալով Արայիկին հարցրեց՝ «դու իսկական Մյասնիկյանին տեսե՞լ ես, որ քանդակել ես», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ֆոտոները տեսել եմ», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Արմոն էլ Վանա լճի ֆոտոներն ա տեսել», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ռուբոյին ասաց՝ «որ Արմենին ըտենց պաշտպանում ես, ինչի՞ իրա համար էդ եզդու պատմությունը չես ուզում պատմես», եւ Ռուբոն թարս նայեց Արայիկին, մի քիչ մտածեց ու ասաց՝ «վազն արի» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «Շերենցին կխնդրենք, էդ պատմությունը կպատմի», եւ Շերենցը  զարմացած նայեց Ռուբոյին, մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «մեծ հաճույքով կպատմեի, բայց էդ պատմությունը լրիվ չեմ հիշե», եւ Արայիկը ժպտալով ասաց՝ «մառոժնին որ ուտես, հիշողությունդ լրիվ կվերականգնվի», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «ո՞ր մառոժնին», եւ Ռուբոն Շողիկին ձայն տվեց ու գոռաց՝ «Շողիկ մայրիկ, Շերենցի համար մառոժնի բեր», եւ Շողիկը դախլի մոտից գոռալով հարցրեց՝ «ինչքա՞ն», եւ Ռուբոն գոռալով պատասխանեց ու ասաց՝ «կես կիլո», եւ Շերենցն ապշահար  բացականչեց՝ «կես կիլոն ի՞նչ խաբար ա, այ բալա», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու Շերենցին ասաց՝ «ինչքան կուտես՝ կուտես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «կարաս շատ դանդաղ՝ մի ժամվա մեջ ուտես» եւ մի քիչ  էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ ոք հետեւիցդ չի ընկել»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031