Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ իրեն հետապնդում եւ ուղեկցում են (Տեսանյութ)

Հունվար 18,2013 13:43

Այսօր «Տեսակետ» ակումբում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բոլոր իր մրցակիցներին հաջողություն մաղթեց. «Առաջին անգամ այս երկու տասնամյակում մաղթում եմ, որ ունենանք դե յուրե ընտրված իշխանություն, այլ ոչ թե դե ֆակտո, կեղծված ընտրական արդյունք»:

Նա կոչ արեց իր հիմնական թեկնածու Սերժ Սարգսյանին. «Այդ կոչը կարձանագրեմ գրավոր, որպես իմ սովորույթն է: Կոչ եմ անում կյանքի կոչել այն 15 կետերը, որոնց մասին ես երկու անգամ դիմել եմ իրեն, եթե ուզում ենք ունենալ առաջին անգամ նորմալ ընտրություններ: Սա կնշանակի, որ կարճ ժամկետում բանակը, դպրոցները, մանկապարտեզները, էլեկտրացանցերը կապակուսակցականացվեն: Նա պետք է անձնապես եւ հրապարակավ հանձն առնել, որ որեւէ պետական պաշտոնյա, շտաբի պետ, մարզպետ, հրամանատար, համայնքապետ, անվտանգության ներկայացուցիչ, ոստիկանապետ, ով խախտի Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը, առանց կուսակցական պատկանելության խտրականության, պատասխան է տալու օրենքի առջեւ»:

Դա եթե չբացառվի, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, կնշանակի, որ ի սկզբանե ունենք կեղծված, ոչ նորմալ ընտրություններ:

Երկրորդ պահանջն այն է, որ պետք է զերծ մնան մեր համաքաղաքացիներին ահաբեկելուց, հետապնդելուց, նկարահանելուց. «Մինչեւ իմ Փարիզ գնալը ներքին կազմակերպչական հանդիպումներ եմ ունեցել իմ կամավորների հետ: Դա քարոզարշավ չէր հանրային, բայց յուրաքանչյուր վայրում, ընտրությունից 14 օր առաջ ոստիկանության եւ անվտանգության ներկայացուցիչներ ուղեկցել են ինձ, հետեւել են, պետական միջոցներ վատնել: Ես հայտարարում եմ, որ մեր հայրենիքում ես պետք չունեմ հատուկ միջոցառումների, անվտանգության: Պետք չունեմ, որ սահմանից մի քանի մետր այն կողմ փոխանակ արտաքին մարտահրավերներին ծառայենք, գործուղում ենք մեր անվտանգության մարմիններին՝ ինձ հետեւելու համար: Կոչ եմ անում պարոն նախագահին, որ ինքն այլեւս թույլ չտա, որ սեփական երկրում հայ մարդը լուսանկարվի՝ այլ մարդու հետ հանդիպման համար»:

Նա Սերժ Սարգսյանին հրավիրեց բացօթյա բանավեճի:

Հարցին՝ ինչպես եք մեկնարկը տալու քարոզարշավի՝ նա ասաց, որ ձեւական, ֆորմալ այն կառուցվածքը չի կրելու. «Ունենալու ենք շարժունակ շտաբ, նախաձեռնող: Կիրակի օրը տեղի կունենա մեր շտաբի պաշտոնական նիստը: Ինձ համար կարեւոր չեն՝ կլինի շտաբի պետ, թե համակարգող: Քարոզարշավի պատասխանատուն հիմնական ես եմ լինելու: Մեկնարկն արվելու է Օպերայից»:

Aravot.am-ը խնդրեց տեղեկացնել, թե քանի՞ նախընտրական շտաբ է ունենալու պարոն Հովհաննիսյանը, քանի՞ վստահված անձ: Նա պատասխանեց, որ շտաբների քանակը, որակը, ուղղվածությունը հընթացս կորոշվի. «Մենք կտանենք ինչպես մեր սովորույթն է, հետագիծն է, մեր քարոզարշավը անմիջական՝ դեպի գյուղը եւ քաղաքը, առանց կաշկանդումների: Դա նշանակում է, գրասենյակի մեծ մասը կլինի գործի մեջ եւ շարժունակ»: Կլինի կամավորական խումբ. «Մենք կունենանք մեր ներկայացուցիչները եւ վստահված անձինք բոլոր ընտրատեղամասերում»:

Ինչ վերաբերում է միջազգային դիտորդների հիասթափություններին, որ որոշ հանձնարարականներ չեն կատարվել նախկին ընտրություններից հետո՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ուրախ է դրա համար. «Ես չեմ բացառում որեւէ զինամիջոց, որ կբերի իրական ընտրական հեղափոխության: Հարգելով բոլորի մոտեցումը, հետագիծը, որոշումը մասնակցել-չմասնակցել, համարում եմ, որ անգամ ամենաբարի ցանկությամբ ով որոշի փետրվարի 18-ին տանը նստել, չմասնակցել, ինքը ակամա ուզում է այս վիճակի շարունակությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031