«Հայաստանի հարավային երկաթուղի» եւ «Հայաստանի արագընթաց ճանապարհ» մոտ 3 միլիարդ արժողության այս ծրագրերի մեկնարկի մասին այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա ներկայացմամբ՝ այս ծրագրերը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի կապող օղակն են լինելու՝ որպես սեւծովյան նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստները տանող ամենակարճ երթուղին. «Մենք կարող ենք լինել մեծաքանակ բեռների փոխանակման տարանցիկ ճանապարհներ, որը Հայաստանի տնտեսության վրա մեծ նշանակություն է ունենալու: Բացի դրանից մեր հարավային շրջաններում հանքարդյունաբերական գոտիներ կան, որոնք այսօր ուսումնասիրված են, բայց ճանապահային հաղորդակցության միջոցով շատ հարցեր կարող են լուծվել՝ այդ հարավային հանքարդյունաբերության զարգացման եւ խթանման համար»: Երկաթուղին, ըստ պարոն Բեգլարյանի, սկվելու է Մեղրիից եւ շարունակվելու մինչեւ Գեղարքունիքի մարզի Գագարին համայնք:
«Ռոսիա ՖԶԷ» ընկերությունն է ֆինանսավորելու այս երկաթուղիների շինարարությունը, նախագծումը՝ երկաթուղիները 30 տարի շահագործման պայմանով: Նախարարի վստահեցմամբ՝ թե իրականում որքան կարժենա շինարարությունը եւ այն վճարովի կամ ինչ գներով կշահագործվի առայժմ պարզ չէ, քանի որ դեռեւս պետք է կատարվեն ուսումնասիրություններ, որը կտեւի 18 ամիս. «Ուսումնասիրությունները կարժենան 15 միլիոն դոլար, իսկ ամբողջ շինարարությունը մոտ 3 միլիարդ դոլար»:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես Հայաստանին հաջողվեց ներգրավվել ներդրումային ընկերությանը, ասաց. «Հայաստանը ցույց տվեց բոլորին, թե ով ենք եղել մենք պատմության ընթացքում՝ Մետաքսի ճանապարհի ճյուղերից մեկն ենք, մենք պատմականորեն, աշխարհաքաղաքականորեն այդ խաչմերուկն ենք: Մենք վերականգնում ենք ճանապարհներից մեկը՝ կապելով Սեւ ծովը Պարսից ծոցի եւ հնարավոր է նաեւ, եթե բացվի, թուրքական նավահանգիստները Պարսից ծոցի հետ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ