Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները տարին մեկ անգամ Չայկովսկի են լսում

Հունվար 18,2013 13:35

Մեզանում ոչ հաճախ են քաղաքական գործընթացները «որակ ստանում»  գեղարվեստական բնույթի միջոցառումներով: Օրինակ՝ Հանրապետական կուսակցությունը երբեմն կարողանում է գեղարվեստականացնել իր քաղաքական գործունեությունը: Այսօր, անցյալ տարվա օրինակով, ՀՀԿ անդամներն «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդ. Թոփչյան) մեկնաբանմամբ երկրորդ անգամ կունկնդրեն Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի ամբողջական կատարումը՝ գրական-երաժշտական կոմպոզիցիայի տեսքով:

«Առավոտը»  ՀՀԿ-ականներից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հիշյալ երկի հետ «շփման» ցանկությունը:

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը նախ ասաց, թե այս ստեղծագործությունը հիանալի է մեկնաբանում  մեր ֆիլհարմոնիկը, հավելելով. «Մշակութային ծրագրերը կարեւոր դերակատարություն ունեն ոչ միայն ՀՀԿ-ի, այլ նաեւ նախագահի ծրագրերում, հետո էլ սա Հոֆմանի հրաշալի հեքիաթն է՝ համեմված Չայկովսկու անկրկնելի երաժշտական պատկերներով»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն ափսոսանք հայտնեցին, որ զբաղվածության պատճառով չեն կարող ներկա գտնվել Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետին: Պարոն Մինասյանը հայտնեց, թե լավ կլիներ, որ միջոցառումը նախատեսվեր մինչ Ամանոր:

ԱԺ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանն էլ կարծում է, որ «Շչելկունչիկը» այն ստեղծագործություններից է, որը կարելի է լսել  շարունակ կամ պարբերաբար եւ չձանձրանալ: Տիկին Եսայանը հավելեց նաեւ, որ դասական արվեստի, այդ թվում՝ երաժշտության հետ շփումը հաճելի է բոլոր նրանց համար, ովքեր  գնահատում են գեղեցիկն ու բարձրակարգ արվեստը:

«Ճաշակի հարց է, գուցե մեծամասնությունը հենց ա՛յս գործն է կրկին ուզում լսել»,- «Առավոտին» փոխանցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Իսկ նորաթուխ ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանը գտնում է, որ անդրադարձը այս ստեղծագործությանը հավանաբար կապված է Ամանորի հետ, մինչդեռ ինքը կընտրեր, օրինակ՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը», քանի որ այդ երաժշտության համար պարզապես խենթանում է:

Ի դեպ, «Շչելկունչիկին» ՀՀԿ-ականների՝ արդեն երկրորդ անգամ  ներկա գտնվելու գաղափարը պատկանում է ՀՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին, ով այդպես էլ հեռախոս չվերցրեց, որպեսզի տեղեկանայինք, թե ինչից է ոգեշնչվել եւ որոշել «դասականացնել» կուսակիցներին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031