Ռադա Մանգասարովան հիվանդանոցում է տեղեկացել, որ իրեն հաշվառումից հանել են
2012 թվականի հուլիսին Նորք -Մարաշի «Նաիրի» հյուրանոցի քարտուղարուհի Դոնարան զանգահարել է Ռադային եւ հեռախոսով տեղեկացրել, որ նա այլեւս չի կարող ապրել նշված հյուրանոցում, քանի որ ամուսնացել է:
Ռադան գտնվում էր Մուրացանի հիվանդանոցում՝ նորածին երեխայի առողջական վիճակից ելնելով: 1994 թվականից մինչ օրս նա բնակվում է «Նաիրի» հյուրանոցում՝ երկրորդ կարգի հաշմանդամ մոր՝ Սվետլանայի հետ: Ռադան ամուսնացել էր, սակայն ամուսնությունը պաշտոնապես չէր գրանցվել: Վեց ամիս ապրելով ամուսնու հետ եւ վերջինիս հետ զագսավորված չլինելով, որոշակի խնդիրներից ելնելով՝ ամուսնալուծվել է ու վերադարձել մոր մոտ: Ունեցել է աղջիկ, որն արդեն վեց ամսական է: Այդ ամբողջ ժամանակահատվածում նա պարբերաբար այցելել է հաշմանդամ մորը եւ սրտացավորեն աջակցել: «Ես ոչ մի անգամ մենակ չեմ թողել մորս եւ միշտ այցելել եմ իրեն, բացի դա՝ ես 1994 թվականից որպես փախստական բնակվում եմ «Նաիրի» հյուրանոցում: Միշտ պատշաճ վճարել եմ բոլոր կոմունալ վարձերը: Հայրս մահացել է, տանը միայն ես եմ աշխատում, եւ ինձ համար շատ ծանր է մեծացնել փոքր երեխայիս, ինչպես նաեւ խնամել հաշմանդամ մորս: Ինձ հաշվառումից հանել են միայն այն պատճառով, որ ես ամուսնացել եմ»,- պատմում է Ռադան:
Առանց անձի գրավոր համաձայնության՝ նրան դուրս են հանել բնակարանի հաշվառումից, երբ այդ անձն այլեւս ոչ մի տեղ հաշվառված չէ: Այդ մասին Ռադան շեշտեց. «Բացի այն, որ ես ամուսնուս հետ զագսավորված չեմ եւ ինքս հաշվառումից դուրս գալու դիմում չեմ գրել, բավական չէ՝ ինձ հանել են եւ մի բան էլ, երբ այդ հարցով դիմեցի հյուրանոցի տնօրեն Հովհաննես Սիմոնյանին, նա ինձ ասաց, որ ես հարսի զգեստ եմ հագել, այդ իսկ պատճառով հանել են հաշվառումից: Ինչ է նշանակում՝ հարսի զգեստ եմ հագել: Ես կարող եմ ամիսը մի քանի անգամ հարսի զգեստ հագնել, դա նշանակում է, որ պետք է հաշվառումից դո՞ւրս հանեն»:
Կարդացեք նաև
«Նաիրի» հյուրանոցի վարչակազմը նրան արգելել է վճարումներ կատարել՝ կրկին անգամ պատճառաբանելով, թե նա այդ բնակարանում հաշվառված չէ: Ռադան, նրա մայրը եւ վեց ամսական դուստրն այժմ կանգնել են փաստի առաջ:
Այդ բնակարանը, որը 1994 թվականից հատկացված էր իրենց, բաղկացած է մեկ սենյակից, իսկ այժմ այդ սենյակի մեջ ապրում է երեք անձ: «Մի բան էլ պիտի իրենք անհանգստանան, որ այսպիսի պայմաններում ենք ապրում: Հատկացված մեկ սենյականոց բնակարանը, որի մեջ ապրում ենք երեքով, ուզում են ազատեն, փոխանակ սրտացավորեն աջակցեն եւ մի բան էլ երկու սենյակ հատկացնեն»,- անկեղծանում է Ռադան: Նա նաեւ պատմեց, որ «Նաիրի» հյուրանոցում կան բնակարաններ, որտեղ մարդիկ տարիներով չեն ապրում, բայց հաշվառված են այդ հյուրանոցում. «Մարդիկ կան, որ տասը տարի է՝ տան դռները փակ են, ապա ինչպես է լինում, որ իրենք հաշվառված են մնում, իսկ ինձ, որ վեց ամսում ավարտվեց չգրանցված ամուսնությունս, հանկարծ որոշեցին, որ պիտի հանեն»: Նկատենք, որ Ռադայի՝ փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի հաշվառման հասցեն հենց «Նաիրի» հյուրանոցն է նշված՝ Երեւան, Նորք-Մարաշ, «Նաիրի» հյուրանոց, սենյակ 634: Հաշվառումից դուրս հանելու հետ կապված Ռադան գրավոր դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, եւ նախարարի տեղակալ Ա. Բախշյանը պատասխանել է. «Հայտնում ենք, որ ճիշտ է, Ձեր փախստականի ճամփորդական փաստաթղթի մեջ կա հյուրանոցում փաստացի հաշվառման մասին նշում, սակայն հյուրանոցի տնօրինության հետ հեռախոսազրույցով պարզել ենք, որ ամուսնանալուց հետո Դուք փաստացի չեք բնակվել վերոնշյալ հասցեում, որի արդյունքում կոմունալ ծախսեր չեն առաջացել եւ հետեւաբար, գանձելու անհրաժեշտություն էլ չի առաջացել: Ինչ վերաբերում է հյուրանոցի տնօրինության կողմից վերոնշյալ հասցեից Ձեզ հաշվառումից հանելուն, ապա կարծում ենք, որ միանգամայն տրամաբանական է, որ այնտեղ չբնակվելու դեպքում Դուք չպետք է հաշվառվեք»:
32-ամյա Ռադան պատրաստվում է նամակ գրել նաեւ հանրապետության նախագահին:
Հաշվառումից հանելու հարցով Ռադան դիմել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ իր հերթին գրություն է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը, իսկ վերջինիս պետ Գ. Եգանյանը պատասխանել է, թե 2008 թվականի օգոստոսի 28-ի՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարի թիվ 47-Ա հրամանով հաստատված «Փախստականների ժամանակավոր կացարաններում բնակեցնելու համար ուղեգրերի տրամադրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի» կանոնակարգը վերաբերում է միայն ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող հանրակացարաններին: Տեղեկացնենք նաեւ, որ Ռադան ստացել է տեղեկանք «Նաիրի» հյուրանոցի տնօրեն Հովհաննես Սիմոնյանից, որտեղ հստակ նշված է, որ Ռադան ամուսնացած լինելու հետեւանքով դուրս է հանվել հաշվառման վայրից, որն իրեն տրամադրվել էր որպես ժամանակավոր հաշվառման վայր:
Մինչդեռ քննարկվում է Ռադայի հաշվառման վայրի լինելու եւ չլինելու հարցը, Ռադան անհանգստացած է, քանի որ նա չունի այլ տեղ ապրելու, իսկ արդյունքում ունի երկրորդ կարգի հաշմանդամ մայր եւ վեց ամսական աղջիկ: Ռադան խնդրում է վերահաշվառել իրեն «Նաիրի» հյուրանոցի 634 սենյակում:
ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ