Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասպանը 100 տոկոսով Անիի նախկին ոստիկանապետի որդին է»

Հունվար 18,2013 13:15

Հայտարարում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մայրը

Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի (լուսանկարում) սպանության գործով դատաքննությունը: Սպանության մեջ մեղադրվող 29-ամյա Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքեց իր որդու հանցագործ լինելը՝ պնդելով, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու նրա «անգրագետ» տեղակալ Վահրամ Ենգոյանն այնքան են ծեծել, անգամ կրակել Հարությունին, որպեսզի նա մեղքը իր վրա վերցնի: Ավելին՝ նախկին պաշտոնյան նաեւ հայտարարեց, որ իր որդին չէր կարող խանդի հողի վրա մարդասպանություն գործել, որովհետեւ չէր տեսել ու չէր ճանաչում Վարդան Ղուկասյանի դստերը՝ Մանյային:

Նմանապես, ըստ Սամվել Սարգսյանի, իր տղան չի ճանաչել նաեւ Կարեն Եսայանին: Նա նաեւ պնդում էր, որ այս գործով առկա տեսաժապավենում Կարեն Եսայանի ավտոմեքենան նստողը ոչ թե իր որդին է, այլ սեւ մազերով մեկը, մինչդեռ իր որդին ճաղատ է:

Երեկ «Առավոտ»-ին հարցազրույց տվեց նաեւ Կարեն Եսայանի մայրը՝ Անահիտ Իսկանդարյանը: Նա հայտնեց, որ Հարություն Սարգսյանը օրեր շարունակ հետապնդել ու նշանադրության օրը սպանել է իր որդուն: «Մենք երբեւէ թշնամիներ չենք ունեցել, Կարենը շատ դաստիարակված, շատ կիրթ, շատ համեստ, պատվով, զարգացած ու անչափ բարի անձնավորություն էր, Կարենի համար էնքան լավ բառեր կարելի է ասել, բառերը քիչ են նրան բնութագրելու համար, Կարենի նմանները երեւի ծնվում են դարը մի անգամ: Մենք ընդհանրապես չենք ճանաչել ոչ Անիի նախկին ոստիկանապետին, ոչ էլ իր ընտանիքի անդամներին: Տեսախցիկներով, ամեն ապացույցներով ֆիքսվել է, որ նրա տղան՝ Հարություն Սարգսյանն է այդ դաժան մարդասպանը: Հայրը շատ բան է պնդում, թե տեսաժապավենում իր տղան չկա, հայրը վերին աստիճանի շանտաժիստ է, իրե՞ն է դրել անհասկացողի տեղ, թե՞ մեզ է դրել, ես չգիտեմ, Աստված տա՝ ապացուցվի, որ իր տղան չէ, բայց 100% իր տղան է մարդասպանը, ես վստահ եմ, որ նա է: Տեսաժապավենում լրիվ երեւում է, ես ծանոթ եմ ինչպես դեպքի օրվան նախորդող տեսաժապավեններին, այնպես էլ հենց այդ օրվա, տեսել եմ, թե ինչպես է նախկին ոստիկանապետի տղայի հրահանգով կաղ մի տղա կանգնեցնում տղայիս մեքենան: Ավելի մանրամասն տեսաժապավեններ էլ կան, որ ես տեսել եմ. եթե իր տղան չէր, ինչո՞ւ էր հետեւում Կարենին, ի՞նչ գործ ուներ նրա հետ, ի՞նչ էր ուզում»,- հարցնում է որդեկորույս մայրը: Նա պնդում է, որ Հ. Սարգսյանը իր տղային հետեւել է սկսած այն օրից, երբ իմացել է, որ նա նշանվելու է քաղաքապետի դստեր հետ, նույնիսկ օրեր շարունակ մեքենայով կանգնել է Գյումրու կենտրոնում գտնվող հագուստի իր խանութի դիմաց: «Իհարկե, այս դեպքից հետո եմ հիշում ամեն ինչը, նրա «Նեո 555» համարանիշի մեքենան ամեն օր կանգնած է եղել իմ խանութի դիմաց, նա այստեղ եկել է, որովհետեւ զոհին չի ճանաչել, ուզել է տեսնել Կարենին, թե ո՞վ է, որ կարողանա իր հանցանքը, ոճրագործությունը կատարել: Նա դաժան, կատարելագործված մարդասպան է»,- ասաց Կարեն Եսայանի մայրը: Նրա պատմելով՝ Կարենը ԱՄՆ-ում էր, Հայաստան է եկել մարտի 23-ին իր համադասարանցու՝ Մանյայի հետ նշանադրվելու առիթով: Սա լսելով՝ Հ. Սարգսյանի հայրը գնացել է Վարդան Ղուկասյանի մոտ՝ նրա աղջկա ձեռքը խնդրելու, սակայն քաղաքապետը մերժել է: «Վարդան Ղուկասյանը, բնականաբար, իր աղջկան չի տվել այդ տղային, քանի որ նրա աղջիկները այնքան կիրթ, դաստիարակված, լավ, խելոք էրեխեք են, ամեն մարդու աղջիկ չէին տա: Բայց երեւի այս տղան փառամոլ է եղել, երեւի ոչ թե սիրել է Մանյային, այլ Վարդան Ղուկասյանի աղջկան ուզել է այլ ճանապարհների համար, ես չգիտեմ»,- ասում է Անահիտ Իսկանդարյանը:

Մենք նրան փոխանցեցինք Անիի նախկին ոստիկանապետ Ս. Սարգսյանի այն խոսքերը, թե իր որդին չի էլ ճանաչել Վարդան Ղուկասյանի դստերը, տեսած անգամ չկա: «Հոր բոլորը խոսքերը սուտ են, ինքը խաբում է, նրանք էնպիսի բաներ են խոսում, որ մարդիկ խղճահարվեն ու հավատան իրենց: Ես չեմ հասկանում դրա հոր պահվածքը, չեմ հասկանում, եւ ընդհանրապես ոչինչ չես հասկանում իրենցից, տարօրինակ անցյալ ունեն էդ մարդիկ, որով կարելի է մի քիչ հետաքրքրվել, ներկան պարզ է էդ մարդկանց: Նա այդ ընթացքում միայն Կարենին չի հետեւել, հետեւել է նաեւ Մանյային, գնացել ու կանգնել է դպրոցի դուռը, այնտեղ մթերային խանութ կա, բայց չի կարողացել Մանյային մոտենալ, այսինքն՝ նրա համար մեկ էր, թե ով կդառնա իր զոհը, այնքան որ նենգ ու նախանձ է եղել, կատարելագործված քիլլեր, ով կարողացել է աչքից կրակել Կարենին: Ինչպե՞ս կարող էր էդպես հոշոտել այդքան բարի իմ տղային»,- զարմանում է տիկին Անահիտը՝ ենթադրելով, որ նա միայնակ չի սպանել Կարենին, այլ մարդիկ է իր հետ բերել: «Ինքը ցուցմունք չի տվել, ըստ իրեն՝ ինչ է արել, որ ինչ ցուցմունք տա, ասի, որ տարել ու 10 րոպեի ընթացքում հոշոտե՞լ է իմ գանձին, իմ կյանքին: Ըստ իրեն՝ ինքը մաքուր գործ է կատարել, չի մտածել, որ տեսախցիկներ կան տեղադրված, որովհետեւ այդ տեսախցիկը բենզալցակայանում տեղադրված է եղել 3 օր առաջ: Ինքը չի էլ պատկերացրել, որ կարող է էդ տեսախցիկներով բռնվել: Հիմա էլ ասում է՝ ես չեմ մարդասպանը: Տեսախցիկներ եղել են նաեւ ավտոլվացման կետում, որոնք ֆիքսել են նրա մեքենայի ժամը, օրը, իմ տղայի նկատմամբ նրա հետապնդումները: Հետո էլ, երբ Կարենը ավտոլվացման կետից վերցրել է իր մեքենան, կամրջի վրա բենզալցակայան կա, նա բեզալցակայանի դիմաց կանգնեցրել է Կարենի մեքենան, այդտեղ մեքենայի մեջ մի քանի րոպե խոսել է տղայիս հետ, հետո Կարենը շարժվել է, երեւի մոտ 10 րոպե Չուլոշնու մոտից պտտվել, եկել է, ու տեսախցիկը ցույց է տալիս, որ Կարենը գնում ու ընդմիշտ գնում է»:

Ա. Իսկանդարյանի խոսքերով՝ Հ. Սարգսյանը ցույց տալու համար, որ ինքը անմեղ է, այդ օրը հատել է Բավրայի մաքսակետը: «Իր հագի նախշերով վերնաշապիկը, որի թեւերի վրա եղել են կրակոցների արգասիքները, տարել, գցել է լվացքի մեքենայի մեջ, սակայն դա առգրավված է քննիչների կողմից, փոխել է շորերը, ու չգիտեմ, լուրեր են շրջանառվում, որ մոր հետ է գնացել Բավրա: Զենքն էլ Քեթի կոչվող դաշտերում է գցել: Բավրայի մաքսակետից մեզ ասացին, որ նա շատ խառնված վիճակում է եղել, խնդրել է անպայման ֆիքսեն, թե որ ժամին է ինքը հատում սահմանը: Անգամ լուրեր են շրջանառվում, որ գրպանում 20 հազար դոլար է եղել, այսինքն՝ փորձ է արել փախչել: Չի էլ ամաչում, դատարանում ինձ ասում է՝ «Տիկին, մի վաճառեք ձեր որդու գերեզմանը, արյունը». ես կյանքում ոչ մեկին ոչ մի բան չեմ վաճառել, կարող է ինքն է սովոր վաճառելու: Ո՞ւմ էի վաճառել երեխայիս արյունը, իրե՞ն, որ 20 հազար դոլարը գրպանը դրած հատում էր Բավրայի սահմանը: Այ քեզ ցինզիմ, այ քեզ պահվածք, ամենավերջին գիշատչի պես որդուս սպանել է, հիմա էլ դատարանում իրեն թույլ է տալիս ինձ մեղադրանքներ հնչեցնել: Կենդանական աշխարհում նման վայրագ անասունի գտնել հնարավոր չէ: Ես վստահ եմ, որ սպանությունը կատարել է հենց Հարություն Սարգսյանը, եւ պատասխան պիտի տա օրենքի ամենայն խստությամբ»,- հայտարարեց Ա. Իսկանդարյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031