«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է: Երկրորդը՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը: Եվ երրորդը. քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս»,- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արտահայտած այս մտքերը, ոչ դիվանագիտական լեզվով, ի՞նչ են նշանակում՝ «Առավոտի» հարցին Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանն ասաց. «Դա բոլորովին այլ որակում ունի եւ դիվանագիտության հետ ոչ մի աղերս չունի: Իմ անձնական տպավորությամբ՝ այդ հարցազրույցը նշանակում է անվերադարձ հեռացում քաղաքականությունից»:
«Առավոտ» օրաթերթ