Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիմն ու հասարակությունը մնացել են դեմ առ դեմ

Հունվար 18,2013 13:06

Ըստ Մանվել Սարգսյանի՝ ուշագրավ է, թե ինչպես իրեն կդրսեւորի հասարակությունն այս իրավիճակում

– Պարոն Սարգսյան, նախագահական ընտրությունների նախաշեմին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Սերժ Սարգսյանը ընտրապայքարում կարծես չունի հզոր մրցակից: Իշխանության համար սա շահեկան վիճակ է, բայց մյուս կողմից՝ այս վիճակը ինչի՞ հետեւանք է, մենք անկո՞ւմ ենք ապրել:

– Հավանաբար նկատի ունեք այն իրավիճակը, որ մի քանի կուսակցություններ իմաստ չեն տեսնում մասնակցել նախագահական ընտրություններին: Բայց եկեք հարց տանք՝ իսկ ի՞նչ պետք է փոխվեր, եթե նրանք մասնակցեին… Հայաստանի այսօրվա իրավիճակը հենց այս առումով է հետաքրքիր, որովհետեւ որեւէ նշանակություն չունի, թե խորհրդարանական այդ ուժերը կմասնակցեի՞ն, թե՞ չէին մասնակցի ընտրություններին: 15-20 տարի Հայաստանի քաղաքական ցիկլը ինչ-որ տրամաբանություն ուներ, բայց այդ տրամաբանությունն արդեն փոշիացել է, սպառել է իրեն: Այսինքն՝ այն, ինչի հետ մարդիկ հույս էին կապում, հիմա այս պրոցեսի հետեւանքով այդ քաղաքական ուժերը քաղաքական պրոցեսներից դուրս մնացին։

– Ո՞ւմ պատճառով, ո՞վ է մեղավոր:

– Բոլորն են անխտիր պատասխանատու այս վիճակի համար: Հայաստանում եղել են պետական լծակներին տիրացած ուժեր եւ դրա շուրջ գոյություն ունեցող խմբավորումներ։ Նկատելի էր, որ հաճախ այդ խմբավորումները միմյանց դեմ էին պայքարում, քան իշխող ուժի դեմ: Պարբերաբար, իհարկե, հասարակությանը այդ գործընթացներին ներգրավելու փորձեր արվել են, բայց հիմնականում խմբավորումների միջեւ է եղել պայքարը՝ ստվերային պայմանավորվածություններով եւ այլն: Սա էր կարծես օրինաչափություն դարձել: Սակայն այսօր դա էլ է սպառել իրեն:

– Իսկ այդ սպառումից հետո ի՞նչ է լինելու. քաղաքական պրոցեսները առողջացման միտում կունենա՞ն:

– Երբ բնութագրում ենք այսօրվա իրավիճակը, պետք է գիտակցենք, որ ալգորիթմը իրեն սպառել է: Բայց ի՞նչ է փոխարինելու այս նոր իրավիճակին… Նոր իրավիճակը մի բան է, հասարակության եւ քաղաքական ուժերի կողմից գիտակցումը՝ այլ բան: Սա բնական պրոցես է, որովհետեւ սպառումը, որը ցայտուն երեւաց 2012 թվականին, շոկային վիճակի է հանգեցրել, ինչի արդյունքում մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ պետք է հետեւի այսօրվա իրավիճակին:

– Ձեր նշած՝ «շոկային» իրավիճակից չի՞ օգտվի իշխանությունը:

– Իշխանությունը ամենավերջինն է հասկանալու ստեղծված իրավիճակի լրջությունը: Սա իշխանությունների երազանքն էր. քրեաօլիգարխիկ համակարգը մշտապես ձգտում է գոյատեւել ամայացած դաշտում, որպեսզի իրենից բացի՝ ոչինչ չլինի։ Նման երազանքների իրականացման փաստեր եղել են, օրինակ՝ 2007-ին, երբ Հանրապետականը մեծամասնություն կազմեց, դատարկեց դաշտը, բայց ընդամենը մեկ տարի անց հիշում եք, թե արդեն ինչ զարգացումներ հետեւեցին՝ 2008-ի Մարտի 1 տեղի ունեցավ։ Իշխանությունը երբեք չի գիտակցում, որ այդ երազանքը հանգեցնում է քաղաքական վակուումի, որը պայթում է ի վերջո: Հիմա նորից երազանքը իրագործվեց, դաշտը ամայացավ, եւ այսօր ունենք նույն վակուումը: Նույն որակի, նույն ընկալման, նույն գործելաոճի մեջ են պրոցեսները ընթանում, այդ իսկ պատճառով ոչինչ չի փոխվում մեր իրականությունում:

– Ձեր նշած ալգորիթմից ԱԺ գոնե երեք ուժեր կարծես հրաժարվեցին…

– Այո: Բայց հիմա հարց է, թե հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվելու այդ երեւույթին։ Այնքան ժամանակ, մինչեւ հասարակությունը կընդունի այս ալգորիթմը, ամեն ինչ կմնա նույնը: Հիմա քաղաքական ուժերի մի մասը դուրս եկան քաղաքական պրոցեսից, չգիտեմ, թե ինչ նպատակով դա արեցին, չգիտեմ՝ գիտակցելո՞վ, թե՞ ստիպած էին դուրս մնալ պրոցեսից: Բայց փաստ է, որ իրավիճակն է ստիպել նրանց հեռանալ իրենց իսկ ալգորիթմից, միաժամանակ այս ուժերն էլ ապացուցեցին, որ իրենք էլ չեն հավատում արդեն այդ ալգորիթմին, ինչպես նաեւ հասարակության մի հատվածը: Իրականում այդ քաղաքական ուժերը քաղաքական կյանքից էլ են հեռացել, բայց առայժմ չեն գիտակցում դա:

Այժմ գործող ռեժիմն ու հասարակությունը մնացել են դեմ առ դեմ, եւ այստեղ ուշագրավ է, թե ինչպես իրեն կդրսեւորի հասարակությունը։ Չէ՞ որ թեկնածուներ են առաջադրվել, ուստի հետաքրքիր է, թե հասարակությունը դարձյալ թույլ կտա՞ նույն ալգորիթմի կիրառումը, երբ, այսպես կոչված, ընդդիմադիրները նորից գործեն, ապա ռեժիմի մաս դառնան, ապակողմնորոշեն հասարակությանը: Այնպես որ՝ գիտակցելը մի բան է, հետեւություններ անելը՝ այլ բան, դրանից չի բխում, որ մարդկանց պահելաձեւը անիջապես կփոխվի:

Հաճախ ենք լսում, թե՝ այս ընտրությունները հետաքրքիր չեն եւ այլն, կարծես, եթե հին ալգորիթմով ընթանային, ինչ-որ բան էր փոխվելու։ Ընդհակառակը՝ այս ընտրություններում առաջին անգամ մենք փորձելու ենք տեսնել, թե ինչ է կատարվելու, եթե սպառվել է հին ալգորիթմը: Նոր գործընթաց է սկսվելու, պետք է դիտարկենք հասարակության արձագանքը այս նոր իրավիճակին:

Այսօր ստեղծված իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել: Կարեւոր չեն անձերը: Անձերն այսօր որեւէ բան չեն կարող ասել, որովհետեւ հասարակությանը չի հետաքրքում, թե ո՞վ է ասում, այլ հետաքրքրում է, թե ի՞նչ է ասում: Հենց սա է փոփոխության սկիզբը, սա գաղափարական պայքարի սկիզբ է, երբ հասարակությանը չեն հետաքրքրում անձերը. այս երեւույթը առաջին անգամ է մեր նորագույն պատմության մեջ։ Ի դեպ, իշխանությունները ծիծաղելի իրավիճակում են հայտնվել: Տարբեր պաշտոնյաների շուրթերով ասում են, թե մրցապայքար է ընթանալու, նույնիսկ կարող է երկրորդ փուլ լինել, այսինքն՝ իրենք էլ չգիտեն ինչպես վարվել. չէ՞որ իշխանական ալգորիթմն էլ է սպառվել: Սա համընդհանուր ճգնաժամ է, եւ շատ կարեւոր է, թե հասարակությունն ինչպես իրեն կդրսեւորի:

– Պարոն Սարգսյան, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն, հասարակությունը համարժեքորեն չարձագանքի, այդ վակուումը չլցվի, կարելի՞ է եզրակացնել, որ իշխանությունն է արդյունքում շահելու, ամրանալու թեկուզ թվացյալ կայունության մեջ։

– Հենց դա է երկրի համար իրական վտանգ ներկայացնում: Խնդիրը միայն այն չէ, որ մի խմբավորում խեղդում, ամայացնում է դաշտը, այլեւ այն, թե այդ խմբավորման հետ ինչ է կատարվում: Օլիգարխիկ համակարգը հաստատվում է երկրում ստվերային բանակցությունների հիման վրա այն ժամանակ, երբ հասարակությունը ապակողմնորոշված է, երբ հասարակությունը չի կարողանում իշխանություն ձեւավորել՝ երկիրը գալիս է այս վիճակին: Սա ես անվանում եմ թարախակալված մարմնի վիճակ, որը կարող է փոխվել, երբ մարդը ինչ-որ քայլի դիմի: Այլ կերպ ասած՝ երբ մարդիկ տեր են կանգնում իրենց իրավունքներին, մարմինը բուժվում է:

Հասարակությունը երկար ժամանակ չէր գիտակցում, որ փրկությունը իրենից է գալիս, այլ ոչ թե անհատներից: Երբ մարդը իրենից դուրս է փնտրում լուծումներ՝ անպայման հայտնվում են ապակողմնորոշողներ: Եթե այսօր էլ հասարակությունն իրենից դուրս փնտրի փրկություն՝ գալու են նորերը եւ վարվելու նույն, հին ալգորիթմով։ Կարծում եմ՝ սա արդեն մեր հասարակությունը գիտակցել է, բայց առայժմ չի գիտակցել, որ չպետք է թույլ տա, որպեսզի ուրիշները իր փոխարեն որոշումներ ընդունեն: Եթե սա չգիտակցեն՝ երբեւէ ոչինչ չի փոխվելու մեր իրականությունում:

Քաղաքակրթությունը սկսվել է այն ժամանակ, երբ մարդիկ գիտակցել են, որ որոշում ընդունելուց է ամեն ինչ փոխվում. ո՞վ է ընդունում որոշումը, եւ նա պատասխանատո՞ւ է լինելու իր որոշման իրականացման համար: Հայաստանում այս մոտեցումը քսան տարի չի եղել: Այսօր ինչո՞ւ է ՀԱԿ-ում այսպիսի ծանր իրավիճակ ստեղծվել… Կարո՞ղ է որեւէ մեկը ասել՝ որոշումներ ընդունողները ովքեր են, եւ որոշում ընդունողը ինչ որոշում է ընդունել եւ որոնք էին նրա  նպատակները: Ոչ ոք չգիտի: Ստացվում է, որ մարդկանց տարբեր հատվածներ գտնվել են հավաքական անպատասխանատվության մեքենաների մեջ, որովհետեւ երբ որոշում ընդունողը մեկն է, նա որեւէ պատասխանատվություն չի կրելու դրա իրականացման համար: Ընդհանրապես ճիշտն ու սխալը սկսվում են այդտեղից, երբ մարդիկ իրենք են որոշում ընդունում եւ պատասխանատվություն վերցնում այդ որոշման համար: Հուսով եմ, որ Հայաստանում այս գիտակցության փոփոխությունը կկատարվի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031