ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ նախագահական ընտրությունները կլինեն հետաքրքիր
– Հայտնի՞ են Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մանրամասները: Խորհրդարանական ընտրություններում նախագահը միայնակ էր քարոզարշավ իրականացնում, հիմա թիմը որքանո՞վ է ներգրավված լինելու: Մասնավորաբար, ի՞նչ են անելու թիմի նոր անդամները: Օրինակ՝ Դուք կամ երգչուհի Շուշան Պետրոսյանը:
– ՀՀԿ-ն թերեւս միակ կուսակցությունն է, որն ունի ամուր կուսակցական կառույցներ, կարգապահություն եւ փորձառություն: Եվ այս ամենի հենքի վրա էլ կառուցում է իր բոլոր նախընտրական գործողությունները: Այս անգամ եւս ՀՀԿ կառույցները կլինեն ակտիվ, ՀՀ նախագահի թեկնածուի նախընտրական շտաբը կլինի ակտիվ եւ կգործի օրենքի բոլոր պահաջներին համահունչ: Այլ մանրամասների մասին կիմանաք ընթացքում: Ինչ վերաբերում է կոնկրետ իմ եւ իմ գործընկեր Շուշան Պետրոսյանին, մի անհանգստացեք, մենք ունենք մեր անելիքը եւ անգործ նստած չենք:
– 2008 թվականին Սերժ Սարգսյանի տված խոստումներն այդպես էլ իրականություն չդարձան` նաեւ թիմի մեղքով: Սա խոչընդոտ չի՞ լինելու առաջիկա նոր խոստումների համար, ինչպե՞ս ՀՀ քաղաքացին հավատա ՀՀԿ թեկնածուի նոր խոստումներին:
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ հիմքով եք պնդում, որ Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական խոստումները չեն կատարվել: Եթե տեղյակ չեք, ապա խորհուրդ եմ տալիս ծանոթանալ այն տեղեկատվությանը, հաշվետվություններին, որ պարբերաբար հրապարակվում են եւ նախագահի գրասենյակի կողմից, եւ կառավարության, հետեւել կատարվող փոփոխություններին: Ի վերջո՝ այսօր կառավարությունը իրականացնում է հենց այդ ծրագիրը, եւ բոլոր նրանք, ովքեր ուզում են եւ կարող են տեսնել կատարվածը, տեսնում են: Իսկ կախարդական փայտիկով ամեն ինչ հենց հիմա եւ միանգամից փոխելու խոստում ոչ ոք կարծեմ չի տվել:
– Մտավախություն չունե՞ք, որ մյուս թեկնածուները որպես հաղթաթուղթ ՀՀԿ-ի դեմ օգտագործելու են «մարտի 1»-ը:
– Ձեր նշած «մյուս թեկնածուները» լավ կանեն՝ իրենց քարոզարշավը կառուցեն ոչ թե ընդդեմի տրամաբանությամբ, այլ փորձեն ներկայացնել իրենք իրենց, եթե, իհարկե, ներկայացնելու արժանի բաներ կգտնեն իրենց գործերում եւ ապրած կյանքում: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա այս ցավոտ թեման հերթական անգամ շահարկման փորձերը կուղղվեն այդ շահարկողների դեմ: Մարդիկ շատ լավ տեսան, թե անցած հինգ տարիների ընթացքում ովքեր են այս ողբերգությունը շահարկել, ովքեր են իրականում ցավում կատարվածի համար, եւ թե ովքեր են այն դարձրել քաղաքական իրենց նկրտումների զոհը: Ասվածի ապացույցը նաեւ զոհերի հարազատների տարբեր հարցազրույցները եւ հայտարարություններն են: Ոմանք ճիշտ կանեն ընդհանրապես լռեն այս մասին, անցած հինգ տարիներին բավարար խոսել են եւ ինքնավարկաբեկվել իրենց քայլերով:
– ՀԱԿ-ի հերթական պառակտման մեջ կրկին մեղադրում են իշխանությանը: ՀՀԿ-ին ինչո՞վ է ձեռնտու նման ընդդիմության գոյությունը:
– Այս հարցին ի պատասխան՝ այլ բան չի մնում, քան ասել` դե լավ էլի, քիչ է մնում ՀՀԿ-ին մեղավոր ճանաչեք նաեւ այս ցուրտ ձմեռվա համար ու դնեք վերջակետ: Պատճառները փնտրեք ՀԱԿ-ի ներսում: ՀԱԿ-ն ինքն իր ներսում է զբաղված ինքնաոչնչացմամբ, եւ այդպես էլ պետք է լիներ: Ձեր նշած կառույցը 2008-ի պարտությունից հետո դատապարտված էր իր այսօրվա վիճակին, եւ այսօրվա ՀԱԿ-ի տխուր եւ հուսահատական վիճակի պատճառը կամ մեղավորները հենց ՀԱԿ-ի երբեմնի կամ ներկա անդամների հավակնություններն են եւ անհիմն ու անիրատեսական նկրտումները:
– Ինչպե՞ս եք վերաբերվում հնչող այն վերլուծություններին, որ այս ընտրությունները մրցակցային չեն լինելու: Թեկնածուներից ո՞ւմ եք տեսնում երկրորդ տեղում:
– Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ով էլ առաջադրված լիներ կամ չլիներ, այսօր գործող նախագահ Սերժ Սարգսյանը միակ հաղթող թեկնածուն է: Նշաձողն այնքան բարձր է դրված, որ բոլոր մյուսները հայտնվել են աննախանձելի վիճակում, եւ նրանց այլ բան չի մնում, քան փորձել կռիվ տալ երկրորդ տեղի համար: Մեր նպատակն իրականում արդար, թափանցիկ եւ ժողովրդավարության չափանիշներին առավել համահունչ ընտրությունների անցկացումն է: Այսօր, երբ արդեն հայտնի են թեկնածուները, կարող ենք արձանագրել, որ ունենալու ենք բավականին հետաքրքիր, գաղափարական ընտրություններ: Հետաքրքիր, որովհետեւ տեսնում ենք, թե որքան բազմազան ստացվեց թեկնածուների ներկապնակը` լուրջ քաղաքական դեմքերից մինչեւ կասկածելի ծագման կերպարներ: Գաղափարական, որովհետեւ առնվազն երեք-չորս թեկնածուներ փորձելու են առիթն օգտագործելով՝ հանրությանը ներկայացնել իրենց գաղափարները: Ինչ վերաբերում է ձեր հարցի այն հատվածին, թե հնչում են վերլուծություններ, անկեղծ ասած, չեմ էլ ուզում լրջորեն անդրադառնալ, քանի որ այդ, այսպես կոչված, վերլուծությունների մեծ մասը խիստ կողմնակալ, անձնավորված եւ «վառված սրտով» արված վերլուծություններ են, եւ դրանցում բացակայում է իրականության սթափ ընկալումը: Իրականում մենք պետք է ձգտենք, որ հասարակությունը հավատա ապահով Հայաստանի հեռանկարին, կոնկրետ քայլերում տեսնի կոնկրետ արդյունք եւ վարակվի լավատեսությամբ եւ լավի սպասումներով:
Զրույցը վարեց
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ