Լրահոս
Օրվա լրահոսը

Սուբյեկտիվ չափանիշներ

Հունվար 18,2013 12:54

Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես եւ ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջը անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք լինել,  ապա դադարում են լինել նաեւ քաղաքական գործիչ: Վերջապես,  Պարույր Հայրիկյանը վստահ է, որ Հայաստանում միակ քաղաքական գործիչն ինքն է: Չափանիշները, մի խոսքով, տարբեր են եւ չափազանց սուբյեկտիվ: Իհարկե, կարելի է վերամբարձ տոնով ասել՝ որոշողը ժողովուրդն է, հասարակությունը, քաղաքացիները: Բայց այստեղ մենք դարձյալ բախվում ենք այն խնդրին, թե ով  կարող է որոշել՝ ինչպիսին է իրականում այդ «ժողովրդի» վերաբերմունքը: Այս կամ այն կուսակցապետը, իր շուրջը ֆանատների կամ հանուն փողի քծնողների խումբ տեսնելով, այդ խմբի վերաբերմունքը տարածում է ողջ ժողովրդի վրա: Նախագահի կայացած եւ չկայացած թեկնածուներ կան, որոնք անկեղծորեն զարմանում են, երբ մեկը ենթադրում է, թե իրենց Հայաստանում որեւէ մեկը չի ճանաչում: Ուրեմն՝ այստեղ էլ օբյեկտիվ չափանիշներ եթե անգամ կան, ապա դրանք շատ դժվար է բացահայտել: Իմ անձնական, իհարկե, սուբյեկտիվ ընկալմամբ՝ մեր քաղաքացիների մեծ մասը խորապես հիասթափված են բոլոր նրանցից, ովքեր իրենց քաղաքական գործիչ են համարում՝ անկախ այն հանգամանքից, թե որ ճամբարում են նրանք «պայքարում հանուն ազգի»:

ԵԽԽՎ դիտորդները երեկ նույնպես արձանագրել են համընդհանուր հիասթափության եւ անտարբերության մթնոլորտը: Նրանք նաեւ երկու կարեւոր շեշտադրում արեցին: Նախ՝ ուրախացան, որ թեկնածու չառաջադրած կուսակցությունները քաղաքացիներին բոյկոտի կոչ չեն անում, որովհետեւ «ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարեւորագույն արժանիքն է»: Երկրորդ՝ շեշտեցին, որ «առկա անտարբերության եւ անվստահության երեւույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Սա ես հասկանում եմ հետեւյալ կերպ. եթե դուք ձեզ  քաղաքական ուժեր եւ գործիչներ եք համարում, առաջադրվել-չառաջադրվելը, իհարկե, ձեր գործն է, ձեր ռազմավարությունն ու մարտավարությունը: Բայց հիասթափության, անտարբերության, ընտրական պրոցեսի նկատմամբ անվստահության մթնոլորտի համար պատասխանատու են բոլորը՝ իշխանությունն ու ընդդիմությունը, քաղաքական եւ ոչ քաղաքական ուժերը: Մի՛ փորձեք վարկաբեկել ընտրությունները՝ որպես ժողովրդավարական ինստիտուտ, այն պատճառով, որ դուք դրան չեք մասնակցում: Դիտորդների գնահատականի վրա դա չի ազդի:

Այն, որ  քաղաքական որոշ ուժեր փաստորեն ժամանակավորապես կասեցրել են իրենց գործունեությունը (այլ կերպ չեմ կարող անվանել նրանց ներկայիս պահվածքը), օրինաչափ է եւ գուցե նույնիսկ՝ արդարացված: Ինչպես եւ ամեն ինչը, քաղաքականությունը Հայաստանում ճգնաժամ է ապրում, եւ հասարակությունը թերեւս պետք է դրանից մի քիչ հանգստանա: Դրա արդյունքում, հնարավոր է, կհստակեցվեն քաղաքական գործունեության չափանիշները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031