Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի թեկնածուն ուզել է դիմել Դեդ Հասանին. «Էն էլ խեղճ մարդուն սպանեցին» (Տեսանյութ)

Հունվար 18,2013 12:52

«Նախընտրական քարոզարշավը կայացել է արդեն Մարտի 1-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ոտքի հանեց: Դա ինքնաբուխ չէր: Ես պատահաբար ներկա եմ գտնվել Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի դեպքերին:  Մարտի 1-ի դեպքերը ընդդիմությունը եւ իշխանությունը համատեղ կազմակերպեցին: Նրանց կողմից ծրագրավորվածը վերածեցին ամբոխավարության, որի արդյունքը մենք տեսանք»,-այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, գործազուրկ թոշակառու Պավլիկ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ Ռոբերտ  Քոչարյանը հրապարակավ ահաբեկել է Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Նա դրա իրավունքը ուներ: Դժբախտություն եմ ունեցել դիտելու Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի զրույցը: Ինչքան է Տեր-Պետրոսյանը նսեմացնում այդ մարդուն, որի համար ես որպես քաղաքացի ափսոսում եւ ցավում եմ: Որպես քաղաքացի, ես չէի կարող այդպիսի նսեմացում հանդուրժել: Ես չգիտեմ ինչու հանդուրժեց Ռոբերտ Քոչարյանը: Նա խելացի, ճկուն մարդ է: Բայց նրա գործունեությունն ինձ համար ընդունելի չէ: Նրա մարդկային արժանապատվությունը, խելացի լինելը շատ բարձր եմ գնահատում, ինչը չեմ կարող ասել Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ Տեր-Պետրոսյանի թույլ տված անձնական վիրավորանքը կուլ տալ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ այդքան գովեցիք Ռոբերտ Քոչարյանին, հնարավո՞ր է դուք նրա մարդն եք՝ Պավլիկ Սարգսյանը պատասխանեց. «Ի սեր Աստծո, ես Ռոբերտ Քոչարյանին չեմ գովել: Ես Ռոբերտ Քոչարյան անհատի ընդունակություններն եմ ընդամենը տեսել: Նա շատ ճկուն, խելացի մարդ է: Բայց Ռոբերտ Քոչարյանի սցենարն էլ կա այստեղ: Ռոբերտ Քոչարյանը երկու ընտրաշրջան ընտրվելուց հետո այս ընտրություններին էլ որոշեց, որ ղարաբաղցին ղարաբաղցու հետ չի դնի քվեարկության: Դա ինձ զարմացրեց, որ լսեցի Ռոբերտ Քոչարյանի բերանից: Նա այնքան խելացի մարդ է, որ ես զարմացա, ապշեցի, ո՞նց կարող է նման վրիպում թույլ տա իր խոսքի մեջ: Ղարաբաղցին… այդ խոսքի տակ ես ուրիշ ակնկալիք ունեի: Թող Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հանդես գա, որ այեւս չի առաջադրվի: Ես ծայրահեղ միջոցների էի ուզում դիմել: Ուզում էի դիմել Դեդ Հասանին, որովհետեւ այստեղ գողական օրենքներն են գործում: Էն էլ խեղճ մարդուն սպանեցին: Ես կարծում եմ, որ նա ավելի արդարացի վճիռ կկայացներ, քան մեր իշխանություններն ու օրենքի մարմինները»:

Նախագահի նախկին թեկնածուն վստահեցրեց, որ ինքը ոչ մեկի մարդը չէ: Ավելին՝ Սարգսյան ազգանունը շատերին հուշել է, որ նա Սերժ Սարգսյանի բարեկամն է. «Ամերիկայից տղաս զանգահարեց, ասեց՝ պա, էս ի՞նչ են խոսում այստեղ: Ասում է, թե այստեղ արդեն խոսում են, թե դու Սերժ Սարգսյանի հեռու ազգականն ես, աղջկադ անունն էլ Սաթենիկ է: Ես շատ եմ սիրում իմ ազգանունը, ես չեմ կարող ինչ-որ մեկի կարծիքով Սերժ Սարգսյանի ազգականը լինելու պատճառով ազգանունս փոխեմ»:

Պավլիկ Սարգսյանը նաեւ արտահայտեց իր սերը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ՝ «Ես Արմեն Աշոտյանի երկրպագուն եմ, երբ նա խաղում է «Ով, որտեղ, երբ» (նկատի ունի «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղը,- Հ. Ջ.):

Պավլիկ Սարգսյանը նախօրոք պատրաստած է եղել իր նախընտրական շտաբի պաստառը: Իսկ թե որտեղ էր լինելու այդ շտաբը՝ ցույց տվեց իր այս պայուսակը: Նա ասաց, որ որոշել էր, որ գյուղերում ոտքով կամ սահնակով էր շրջելու ու քարոզարշավ էր անելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

(Տեսանյութը՝ շուտով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031