Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը համայն եզդիների անունից հայտարարում է, որ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը կազմակերպված է Ռուսաստանի իշխանությունների կողմից:
«Մենք պահանջում ենք Ռուսաստանի կառավարությունից, իշխանություններից, Վլադիմիր Պուտինից, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդպես չվարվեն, իշխանությունը պետք է կանգնի նրանց կողքին, ոչ թե ղեկավարներին, անվանի մարդկանց վերացնի»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազիզ Թամոյանը:
«Մենք մեր ձայնն ամբողջ աշխարհի առաջ կբարձրացնենք: Նման բան Հայաստանում գոյություն չունի: Հայերը մեր նկատմամբ շատ բարի, մարդկային, եղբայրաբար են… իսկ ի՞նչ է կատարվում Ռուսաստանում, դրա համար մենք խիստ բողոքում ենք: Ինչպես և հայերը, եզդիները ռուսներին համարում են իրենց ավագ եղբայրները, բայց սա՞ է ավագ եղբոր կատարած մարդասպանությունը (նկատի ունի վերաբերմունքը – Tert.am)»,- ասաց եզդիների առաջնորդը:
Նա իր պնդումները հիմնավորում է ՌԴ-ում բնակվող եզդիների նկատմամբ իրականացված մահափորձերով ու սպանություններով և որպես օրինակ նշեց 2010-ին նույն Դեդ Հասանի նկատմամբ իրականացված մահափորձը և երկու եզդի գործարարների սպանությունները։
Ազիզ Թամոյանը նաև նշեց, որ եզդիները Դեդ Հասանի մահվան կապակցությամբ 7-օրյա սուգ են հայտարարել:
Կարդացեք նաև
«Հիմա ամբողջ եզդի ազգը սուգ է հայտարարել ամսի 16-23-ը, որովհետև մեր կրոնով այդպիսի բան կա, եթե հեղինակավոր մարդ է, ճիշտ է՝ նա գողական աշխարհում է գործել, նրանց շրջապատում է եղել, բայց հեղինակավոր մարդ է, որովհետև շատ է օգնել եզդիներին, չքավորներին օժանդակել է»,– ասաց նա:
«Եվ նա, ամենակարևորը, գիտե՞ք ինչ աշխատանք էր տանում՝ պահպանում էր եզդի անվանումը՝ մեր նախահոր անունը: Եթե իրեն որևէ մեկն ասում էր՝ դու եզդի չես, քուրդ ես, նա վիրավորվում էր, ասում էր՝ «ո՛չ, մենք՝ եզդիներս, աշխարհի հնագույն ժողովուրդներից ենք»»,– ավելացրեց Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահը:
Այնպես որ, ըստ Ազիզ Թամոյանի՝ եզդիները Դեդ Հասանին հարգում էին և են ոչ թե «գողական աշխարհի տեսանկյունից», այլ մարդկային:
«Շատ մարդամոտ էր, եթե իրեն դիմում էին, նա անմիջապես էդ հարցերը կարգավորում էր, թույլ չէր տալիս բռնություններ ստեղծել: Դրա համար է, որ ժողովուրդը սիրում էր: Իմիջիայլոց, հայերին շատ էր սիրում: Միշտ գալիս էր, որովհետև գործարանի հումքերը այն ժամանակ ինքն էր մատակարարում, բերում Մոսկվայից: Օրինակ՝ Զովունիի գործարան կար, Շահումյան կար, Մետաքսի… բանի»,- հիշեց Ազիզ Թամոյանը:
Թե Հայաստանում բնակվող եզդի համայնքից կոնկրետ ովքեր են մեկնելու Դեդ Հասանի թաղման արարողությանը, Ազիզ Թամոյանը չգիտի, բայց ասաց, որ վատառողջ է ու կմեկներ, եթե հուղարկավորությունը, ինչպես նախապես հայտարարվել էր, լիներ Թբիլիսիում, այլ ոչ Կրասնոդարում:
Tert.am