Դավիթ Շահնազարյանը մի մեծ հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին ու մտքեր հայտնել։ Հիմնական միտքն այն է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորված միասնական շտաբը (այսինքն՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն) ձեւավորվել է հատուկ մեր պետականության եւ ինքնիշխանության դեմ պայքարելու համար եւ «հինգերորդ շարասյան» դեր է կատարում։ Ավելին. Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ եթե հանկարծ (ենթադրաբար՝ Սերժ Սարգսյանի վերընտրվելուց հետո) ինչ-որ հրաշքով Հայաստանում դրական զարգացումներ սկսվեն, այդ նույն ուժերը կարող են նորից միավորվել եւ շարունակել պայքարը Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ։
Նկատենք, որ կոնկրետ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին մինչեւ հիմա ինչ մեղադրանքներ ասես հնչել էին, բացի սեփական երկրի ինքնիշխանության դեմ պայքարից։ Նույնիսկ 2008թ. նախագահական ընտրություններից առաջ իշխանություններն անձամբ նման անհեթեթություններ չէին ասում եւ այդ կարգի մեդադրանքները հնչեցնում էին «ճ» կլասի գործիչների շուրթերով։ Հիմա Դավիթ Շահնազարյանն անձամբ է ստանձնել այդ դերը։ Ենթատեքստն էլ հասկանալի է։ Սերժ Սարգսյանն, ուրեմն, պայքարում է հանուն
Հայաստանի իրական անկախության եւ ինքնիշխանության, իսկ մութ ուժերը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությամբ, փորձում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութը։
Այո, Դավիթ Շահնազարյանին չես խաբի։ ԱԱԾ նախկին պետի փորձառու աչքից ոչ մի դավադրություն չի վրիպում։ Բավական է մի հայացք, եւ նա իսկույն հասկանում է, թե ովքեր են դավադիրները եւ ինչ հանցավոր
Կարդացեք նաև
ծրագրեր են կազմել Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Եվ իզուր է թշնամին զանազան հնարքներով փորձում քողարկել իր իրական դեմքը։ Ով՝ ով, բայց Դավիթ Շահնազարյանը լավ գիտի, որ Լեւոն Տեր-Պետրոսյանր դիտմա՛մբ է այնպես արել, որ հայկական կողմը հաղթի ղարաբաղյան պատերազմում: Այդպես է արել, որ շահի հայ ժողովրդի վստահությունը եւ քողարկի իր իրական դեմքը։ Իսկ այ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը բացառապես Հայաստանի պետական շահերից ելնելով են Ռուսաստանին հանձնել ողջ էներգետիկ համակարգը, ատոմակայանը, բաշխիչ ցանցերը, երկաթուղին եւ այլն։ Այդպես են արել, որ Հայաստանը լինի գործնականում անկախ եւ ինքնիշխան։ Ճիշտ նույն նկատառումներով Հայաստանի ինքնիշխանության մեծագույն նվիրյալ Սերժ Սարգսյանը երկարաձգել է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման համաձայնագիրը։ Եվ իզուր են չար ուժերը դավադրաբար նրան ռուսական հատուկ ծառայությունների շքանշանով պարգեւատրել՝ նպատակ ունենալով վարկաբեկել. այդ հնարքը կատարելապես ձախողվել է։
Դավիթ Շահնազարյանի սուր աչքից չի վրիպել նաեւ այն, որ լրտեսական այդ որջը՝ ՀԱԿ-ը, նպատակ ուներ ընդամենը դառնալ Հայաստանի օլիգարխիկ համակարգի ղեկավարը, եւ «այդ գիծը փաստացի պաշտպանվում էր ՌԴ-ի կողմից»։ Դրա համար էլ մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու համար ոչ թե Ռուսաստանից էին հատուկ մասնագետներ հրավիրել, այլ Արեւմուտքից։ Բա իհարկե, ամերիկյան բանակի սեւամորթ կոմանդոսներն էին կրակում ցուցարարների վրա, որովհետեւ գիտակցում էին, որ իշխանությունը վերցնելուն պես Լևւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանը դարձնելու է Ռուսաստանի մարզ։ Բայց հայոց պետականության գլխին կախված վտանգը դեռ չի անցել։ Հինգերորդ շարասյունը դեռեւս կարո՛ղ է խարխլել մեր պետականության հիմքերը՝ թիկունքից հարվածելով մեր ինքնիշխանության միակ երաշխավոր Սերժ Սարգսյանին։ Ահա հենց այդ վտանգի մասին է մեզ գգուշացնում Դավիթ Շահնազարյանը՝ ըստ էության կոչ անելով սատարել Սերժ Սարգսյանին եւ թույլ չտալով, որ ազգադավ ուժերը համախմբվեն նրա դեմ պայքարում։
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»