Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախագահի նախկին թեկնածու. «Ես թագավորի կույս աղջիկն եմ»

Հունվար 18,2013 11:54

Այսօր «Ելակետ» ակումբում նախագահի նախկին թեկնածու, թвշակառու Պավլիկ Սարգսյանը, որը ընտրագրավը չմուծելու համար չի առաջադրվել, ներկայացրեց, թե ինչպես են ոտնահարվել իր իրավունքները ԿԸՀ-ում: Ասուլիսում որպես բանավիճող կողմ հրավիրվել է նաեւ ներկայացուցիչ՝ ԿԸՀ-ից, սակայն ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը փոխանցել է, որ «մենք մեր դիրքորոշումներն արդեն ներկայացրել ենք, եւ ավելացնելու ոչինչ չունենք»: Հարցին՝ մինչեւ առաջադրվելը դուք գիտեիք, որ ընտրագրավ պետք է մուծեիք, ինչո՞ւ առաջադրվեցիք՝ նա պատասխանեց. «Ես գիտեի, որ պահանջում են ընտրագրավ, չգիտեի, որ պետք է մուծեի»:

Իսկ թե ինչու ընտրագրավը չի մուծել՝ Պավլիկ Սարգսյանի խոսքերով՝ «Դա սկզբունքի հարց է: Դա հակաօրինական, հակասահմանադրական է: Ես չեմ կարող անբարո քայլ անել»:

Aravot.am-ի հարցին՝ այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Հրանտ Բագրատյանը եւ մյուս բոլոր թեկնածուները, որոնք մուծել են ընտրագրավը, անբարո քա՞յլ են կատարել՝ նա պատասխանեց. «Բոլորովին ոչ: Այդ մարդիկ իրավունք ունեն իրենց քաղաքացիական իրավունքը իրացնելու: Նրանք ընդունում են օրենքի այդ կետը, ես չեմ ընդունում»:

ԿԸՀ-ն արդեն բացատրել է, թե ինչի համար է անհրաժեշտ ընտրագրավը՝ որպեսզի ամեն պատահական մարդ, ամեն հոգեկան խնդիրներ ունեցող մարդ չառաջադրվի ու խնդիրներ չառաջացնի: Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի, մեր ազգը այնքան ամբիցիոզ է, որ եթե ընտագրավը հանեն՝ խառնաշփոթ կլինի մեր երկրում: Մեր հարցին՝ Ձեզ համար ընդունելի չէ՞ այդ բացատրությունը, Պավլիկ Սարգսյանը պատասխանեց. «Բոլորովին: Ես չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները, որոնք ընտրական իրավունք ունեն, այդքան սահմանափակ մարդիկ են, որ ամեն մեկն իրեն նախագահ զգա: Բնության մեջ կարծեմ հիրիք բույս կա, որը խաղաղ, հանգիստ աճում, ծլում, մեծանում է, գալիս է մի պահ, որ կողքի մոլախոտերը այնքան են շատանում, որ էլ չեն թողնում աճի: Բնական ինքնակիզման միջոցով այդ բույսը սերմերին հնարավորություն է տալիս ծլելու: Ես ինձ դնում եմ ազգային իրավունքի զոհասեղանին: Հիրիքը ես եմ: Ես պատրաստ եմ այրվելու»: Թե ովքեր էին մոլախոտերը՝ նա պատասխանեց. «Ջիվանին ասել է՝ անձս մի վիրավորի, ես եմ ուզում որեւէ մեկի անձը վիրավորել, բայց մոլախոտերը այն իշխանական ուժերն են, որոնք թույլ չեն տալիս մարդուն՝ իր իրավունքներից օգտվելու»:

Ավելի պատկերավոր ներկայացնելու համար, թե ինչու է ինքը որոշել առաջադրվել՝ Պավլիկ Սարգսյանը պատմեց աղբյուրի ջրի մոտ կանգնած հրեշի հեքիաթը, ըստ որի, հրեշը թույլ չի տալիս մարդկանց աղբյուրից ջուր վերցնել, ամեն անգամ մի կույս աղջիկ է ուզում, եւ պետք էր մեկը, ով կփրկեր այս իրավիճակը, պետք էր թագավորի կույս աղջիկը: Պավլիկ Սարգսյանի խոսքերով՝ «Ես թագավորի այդ կույս աղջիկն եմ»:

Ըստ Պավլիկ Սարգսյանի, ընտրագրավ մուծելը ասես խաղամոլություն լինի. «Ես խաղատուն չեմ մտել, որ գրավ մուծեմ: Ես ուզում եմ նախագահ դառնալու համար առաջադրվել: Ես ընդամենը գյուղացիական ծագում ունեցող քաղաքացի եմ»:

Նշենք, որ նախագահի նախկին թեկնածուն խիստ վիրավորվել է, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ Դուք հոգեկան խնդիրներ ունե՞ք:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031