Լրահոս
Օրվա լրահոսը

«Էթնայի» մոտ տեղի ունեցած դաժան սպանության գործով ներկայացուցիչը դիմում է հանրապետության նախագահին

Հունվար 18,2013 11:43

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժան ծեծի եւ դանակահարության հետեւանքով սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը:

ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Տուժողի իրավահաջորդ Գրիշա Շահբազյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանը տեղեկացրել էր, որ գործը նախաքննության փուլում է, իսկ 6 անձ  էլ՝ Կարեն, Արմեն, Վաղինակ Հարությունյաննները, Անուշավան Հովհաննիսյանը, Սերգեյ Հարությունյանը եւ Մ.Խառատյանը կալանավորվել էին, ապա փոխվել էր նրանց խափանման միջոցը:

Կասկածյալներից Մ.Խառատյանն ու Վ.Հարությունյանը հետախուզման մեջ են:

Տուժողի իրավահաջորդ Գ. Շահբազյանի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն այսօր տեղեկացրեց, որ դիմել է հանրապետության նախագահին եւ ոստիկանապետին:

3 թերթից բաղկացած դիմումում նա տեղեկացնում է, որ սույն գործով որեւէ տեղաշարժ չի արձանագրվել:

«Հանցագործները մնում են ազատության մեջ: Գործով տուժող Սերգեյ Աբովյանի ցուցմունքի համաձայն, Արսեն Շահբազյանին ծեծի են ենթարկել դեպքի վայրում եղած բոլոր անձինք, ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները մինչ օրս չեն փոփոխվել, լրացվել, նրանց արարքին ճիշտ իրավական գնահատական չի տրվել, եւ այդ հիմքով ազատված մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց  ընտրելու միջնորդություններ չեն ներկայացվել: Տուժողին բառիս բուն իմաստով գազանաբար հոշոտելուց հետո մեղադրյալներն անպատիժ են մինչ օրս»,- նշում է փաստաբանը:

Փաստաբանը ՀՀ նախագահից խնդրում է սույն գործի նկատմամբ իրականացնել ոչ միայն անմիջական վերահսկողություն, այլեւ գործի քննությունը ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխել ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, որտեղ, ըստ փաստաբանի« միգուցե Արաբկիրի բաժնի աշխատակիցների եւ պաշտոնատար անձանց անգործության հետեւանքով դեռեւս չբացահայտված գործը բացահայտվի»: Ի դեպ, նախորդ նմանատիպ խնդրանքի արդյունքում գործով քննիչն է փոխվել:

Փաստաբանը տեղեկացրել է, որ մեղադրյալների խափանման միջոցը փոխելուց հետո, նրանք ոստիկանությունից ստացել են իրենց անձնագրերը՝ բանկերում գործարքներ կատարելու պատճառաբանությամբ: Նրանց վերադարձվել են ավտոմեքենաները, դրանք ստանալով, մեղադրյալները տարել են ավտոլվացման կետեր, ուր եւ կատարվել են քիմիական մաքրումներ»:

Փաստաբանը միջնորդել էր, որպեսզի ավտոմեքենաների պաստառների վրայից վերցվեին մանրաթելերը, որպեսզի դրանք համեմատվեին մեղադրյալների հագուստներից վերցվածի հետ:Սակայն այդ միջնորդությունը չէր բավարարվել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031