«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ վերջինս լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին պատասխանել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք գնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես»։
Այդ կապակցությամբ «Ժողովուրդը» ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Տիգրան Ուրիխանյանին հարցրել է «Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի վարքը եւ, առհասարակ, Ձեր կարծիքով ի՞նչ որոշում պետք է կայացնի դատարանը»: Տ. Ուրիխանյանը պատասխանել է.«Ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում իրավունք չունի վիրավորելու որեւէ այլ անձի պատիվը, արժանապատվությունը, ոչ մի ձեւով եւ ոչ մի դեպքով՝ անկախ նրա կարգավիճակից, գրպանի պարունակությունից, կրոնական, ռասսայական կամ չգիտեմ սեռական պատկանելությունից։ Յուրաքանչյուրի նկատմամբ նման դրսեւորումը պետք է պատժվի օրենքով սահմանված կարգով։ Շատ վատ եմ վերաբերում նման մոտեցումներին։ Որեւէ մեկին չպետք է տրվի նման իրավասություն՝ վիրավորելու։ Ես ուզում եմ ապրել այդպիսի Հայաստանում։ Եթե դատարանը տվյալ դեպքում հանկարծ կայացնի մեկ այլ որոշում, ուրեմն կնշանակի, որ օրենքը մի դեպքում գործում է, մի դեպքում չի գործում։ Իմ՝ որպես ՀՀ քաղաքացու կարծիքն այսպիսին է, որ այդ որոշումը պետք է լինի հօգուտ լրագրողի։ Լավ, չեմ ասում լրագրողի, որ չասեն՝ շահարկում եմ, այլ անհատի»։
Նույն հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանել է.«Քանի որ այս գործը դատական փուլում է, ապա կարծիք կամ նախօրոք որեւէ մեկնաբանություն, որպես քաղաքական գործիչ, ճիշտ չի լինի, որ ասեմ։ Այն կդիտարկվի որպես ճնշում կամ նախօրոք կարծիք, ինչը հետագայում կարող է ազդել գործի քննության վրա։ Եթե այդ վիրավորանքը անտեղի է եղել գործարարի կամ, ասենք, պատգամավորի կողմից, պետք է ասեմ՝ այդքան էլ հաճելի դրսեւորում չէ։ Նման երեւույթները պետք է հասարակությունը մերժի տարբեր առումներով, ասենք՝քաղաքական գործիչներին եւ առհասարակ որեւէ իրավիճակի գնահատական տալով, եւ այսօրինակ մոտեցման դեպքում մենք կունենանք ավելի կոռեկտ հասարակություն։ Նույնիսկ եվրոպական երկրներում անգամ առաջին դեմքերի առումով էլ նմանատիպ դրսեւորումներ ունենում են, եւ այդ դրսեւորումներն անհատական են, ու չպետք է մեղադրել այս կամ այն թիմին։ Որեւէ գործարարի պատճառով թիմը չպիտի տուժի։ Դա անհատական խնդիր է, այս դեպքում՝ ոչ դուրեկան»
Կարդացեք նաև
Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
«Ժողովուրդ»