Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, առայժմ ՀԴՅ-ն զբաղված է ներկուսակցական կազմակերպչական հարցերով, ինչպես նաեւ՝ առաջիկա քաղաքական անելիքների ծրագրավորմամբ։
«Մեր հետագա մարտավարության ու ռազմավարության մասին ավելի կոնկրետ կներկայացնենք նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ չենք կարծում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական պրոցեսներ սկսելու ժամանակն է։ Ընտրությունների ընթացքն ու ընտրությունների արդյունքները կարող են մարտավարության մեջ որոշակի շտկումներ մտցնելու անհրաժեշտություն առաջացնել, որոշակի խթան հանդիսանալ»,- նշեց Համբարձումյանը։
Նկատենք, որ ՀՅԴ-ն պատրաստվում է ակտիվ գործընթաց ծավալել ընտրություններից հետո, երբ երկրում նոր քաղաքական իրավիճակ ստեղծված կլինի։ Ընդ որում, այդ նոր իրավիճակը կունենա մեկ նրբություն, քանի որ քաղաքական դաշտի երեք հիմնական խաղացողները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն մասնակցում նախագահական ընտրություններին, այս անգամ իշխանությունը կվերարտադրվի առանց լուրջ մրցակցության, առանց բարդությունների, ասել է թե՝ գոնե իրավաբանորեն նա կլինի լեգիտիմ։ Տեսակետ կա, որ այս դեպքում արդեն որոշակիորեն կսահմանափակվեն ընդդիմության գործունեության հնարավորությունները։ Ուստի Արսեն Համբարձումյանին երեկ հարցրինք՝ այդ դեպքում ինչպես է պատկերացնում հետագա պայքարը, ՀՅԴ հետագա գործունեությունը։ «Դա կախված է ընդդիմադիր քաղաքական ուժերի վարած քաղաքականությունից։ Չեմ կարծում, որ այսօր էլ դաշտը շատ լայն է»,- նշեց նա։
Մեր հարցին, թե այս պահին իշխանությունը խոցելի վիճակում է, Համբարձումյանը նկատեց. «Իրարից տարբեր ու անկախ պատճառներով երեք դերակատար քաղաքական ուժերի չմասնակցելն ընտրություններին աննախադեպ երեւույթ է Հայաստանի քաղաքական կյանքում եւ մտածելու տեղիք է տալիս թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության համար։ Եթե այսքանից էլ անհրաժեշտ հետեւություններ չարվեն, քաղաքական համակարգի կայացման ուղղությամբ քայլեր չարվեն, անշուշտ, լավ վիճակ չենք ունենա։ Ես հուսով եմ, որ քաղաքական ուժերը համապատասխան հետեւություններ կանեն, ու այս ընտրությունները ջրբաժան կլինեն»։ Ջրբաժանը, սակայն, ըստ Համբարձումյանի, չի նշանակում, որ ընտրություններից հետո ՀՅԴ-ն կվերադառնա իշխանական ճամբար՝ կոալիցիա կազմելով Սերժ Սարգսյանի հետ։ «Այս պահին կոալիցիա վերադառնալու հնարավորություն չկա, քանի որ դրա նախադրյալները չեմ տեսնում»,- նշեց նա:
Կարդացեք նաև
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»