Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ ունեն-չունեն ՀՀ նախագահի 4 թեկնածուները

Հունվար 18,2013 11:12

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահի 4 թեկնածուների՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի եւ Վարդան Սեդրակյանի կողմից ներկայացված՝ 01.01.2012-01.01.2013թթ. գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Մյուս 4 թեկնածուները դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացրել, վերջնաժամկետը վաղն է:

Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանում գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է երեք անշարժ գույք։ Մայրաքաղաքի Արաբկիր փողոցում նախկին վարչապետն ունի ընդհանուր համատեղ սեփականության տուն՝ 613 քմ ընդհանուր մակերեսով եւ 0,07 հա հողամասով։ Բագրատյանը ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով երկու բնակարան է հայտարարագրել Երեւանի Սայաթ-Նովա եւ Ավետիսյան փողոցներում, համապատասխանաբար՝ 120 քմ եւ 85 քմ մակերեսով։ Ավետիսյան փողոցի բնակարանը նաեւ ավտոտնակ ունի։ Որպես շարժական գույք, նշված է 2003թ. արտադրության Նիսսան «X-Trail» մակնիշի ավտոմեքենա։

Հ. Բագրատյանը հաշվետու ժամանակաշրջանում ունեցել է տարբեր աղբյուրներից ստացված եկամուտներ։ Ազգային ժողովը այդ մեկ տարվա ընթացքում նրան վճարել է 2 միլիոն 180 հազար 980 դրամ աշխատավարձ, Ռուս-հայկական համալսարանը՝ 1 միլիոն 73 հազար 900 դրամ, Ուկրաինայի Ազգային բանկի Բանկային գործի համալսարանը՝ 91 հազար 439 գրիվնա (շուրջ 11 հազար դոլար): Բագրատյանը հայտարարագրում նշել է նաեւ ֆրանսիական «Պեռնո Ռիկար» ընկերությունից ստացված 9 հազար 400 եվրո շահաբաժինը, եւ «Պրոկրեդիտ բանկ»-ի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեից ստացած 7 միլիոն 342 հազար դրամ վարձակալական վճարը։

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ թեկնածուն բանկային հաշվում ունեցել է 65 հազար դոլար։

«Արժեթուղթ եւ այլ ներդրում» բաժնում Բագրատյանը գրանցել է 0,0003 տոկոս բաժնետոմս՝ «Պեռնո Ռիկար»–ում։ Թանկարժեք գույք (անշարժ եւ շարժական աղյուսակներում չնշված եւ 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գույք) թեկնածուն չունի։

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարագրել է երկու տուն՝ Երեւանի Նորքի 15 փ եւ Երզնկյան 75 հասցեներում։ Մակերեսը նշված չէ։ Հովհաննիսյանին է պատկանում նաեւ մեկ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա։ Թեկնածուն նշել է, որ թանկարժեք գույք եւ եկամուտներ, արժեթուղթ եւ այլ ներդրում ամբողջ 2012թ. ընթացքում չի ունեցել։ Չնայած հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ գրանցել է 402 հազար դրամ եւ 51 հազար ԱՄՆ դոլար։

Սերժ Սարգսյանի 2008թ.-ի նախագահական ընտրություններից առաջ ներկայացրած եւ երեկվա հայտարարագրերի համեմատությամբ պարզվում է, որ նրա ունեցվածքը զուտ դրամական առումով ավելացել է 50 միլիոն 400 հազար դրամով։ Փաստորեն, երբ Սարգսյանը «դիմագրավում էր» համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որ երկիրը «ձեռից չգնա», նրա եկամուտներն ավելանում էին։

Սարգսյանն «Անշարժ գույք» բաժնում նշել է ընդհանուր բաժնային սեփականությամբ, 96 քմ մակերեսով շենք եւ շինություն Ստեփանակերտում։ 2008-ից այս կողմ նա դեռ չի վաճառել իր 1992թ. արտադրության «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան։

«Թանկարժեք գույք» բաժնում նշված է, որ Սարգսյանն ունի 18- 20-րդ դդ. հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ եւ այլն): Թեկնածուն նաեւ գեղարվեստական այլ գործերի, մասնավորապես՝ կտավների, կոլեկցիոներ եւ սիրահար է։ Նա սեփականատեր է Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Եր. Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի բազմաթիվ, ինչպես նաեւ 20-րդ դարի նկարիչների, թվով 32 կտավների։

Ս. Սարգսյանը հաշվետու մեկ տարվա ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմից ստացել է ընդհանուրը 6 միլիոն 494 հազար 817 դրամ աշխատավարձ եւ աշխատավարձին հավասարեցված վճարում։ Ինչպես նաեւ՝ «Արարատ բանկ»-ում տրված փոխառության դիմաց ստացված տոկոս՝ 10 միլիոն 925 հազար 535 դրամի չափով։ Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 108 միլիոն 400 հազար դրամ, ինչպես արդեն նշեցինք՝ 50,4 միլիոն դրամով ավել, քան 6 տարի առաջ։

Արժեթուղթ եւ այլ ներդրում Սարգսյանը չի նշել։

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի հայտարարագրում նշված են սեփականություն հանդիսացող մի շարք հողամասեր. 3 միավոր Եղվարդ քաղաքում (0,141; 0,16 եւ 0,1600 հա մակերեսով) եւ մեկ միավոր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում (0,255 հա): Քարաշամբում Սեդրակյանը նաեւ 294,6 քմ մակերեսով անասնագոմ ունի։ Նախագահի թեկնածուն գրանցել է 1 բնակելի տուն (252,4 քմ) Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եւ մեկ բնակարան (132 քմ) Արաբկիր համայնքում։

Վարդան Սեդրակյանը հայտարարագրել է 2011թ. արտադրության «Mitsubishi OUTLANDER 3.0» մակնիշի թեթեւ մարդատար։

Թանկարժեք գույք, եկամուտներ, արժեթուղթ եւ այլ ներդրում թեկնածուն չի հայտարարագրել։

Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031