Երեկ՝ հունվարի 17-ին, ժամը 22:30-ի սահմաններում, Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն և ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Նավուր գյուղին պատկանող «Քոսականց կապեր» կոչվող հանդամասում տղամարդու դի կա:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ում, ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ բաժնի պետ Գագիկ Դալլաքյանի գլխավորությամբ ժամանել են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչները: Օպերատիվ քննչական խումբը հանդամասում հայտնաբերել է Բերդ քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ 1961թ. ծնված Սերոժ Հովհաննիսյանի դին՝ աջ ազդրի մասում թափանցող հրազենային վնասվածքի հետքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին ոստիկաններին ահազանգել է Արծվաբերդի անտառապետության Նավուրի պահաբաժնի անտառապահ 33-ամյա Կարեն Ջուլհակյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում գյուղացիները ֆոտոլրագրողին պատմել են, որ դեպքը տեղի է ունեցել որսի ժամանակ: