Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական արդարության բագրատյանական մոդելը

Հունվար 18,2013 11:07

Թեեւ պաշտոնապես դեռեւս չի մեկնարկել նախագահական ընտրությունների քարոզարշավը, այնուհանդերձ թեկնածուները արդեն սկսել են նախընտրական ծրագրերի հրապարակումը։ Մասնավորապես անցած շաբաթ իր «Ընդամենը 100 քայլ մինչեւ սոցիալական արդարություն» նախընտրական ծրագրի տնտեսական հատվածը ներկայացրեց Հրանտ Բագրատյանը։
Դրանով նա պատրաստվում է իրականացնել 100 միջոցառումներ երկրում սոցիալական արդարությունը վերականգնելու համար։ Բագրատյանական «սոցիալական արդարության մոդելը» ենթադրում է առաջիկա հինգ տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի եւ միջին կենսաթոշակի եռակի բարձրացում։
Ասենք՝ նվազագույն աշխատավարձը նախատեսվում է 32,5 հազարից դարձնել 111 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 78-ից 220 դոլար։ Բագրատյանի սոցիալական արդարության մոդելի հիմքը «բնակչության ազատ տեղաշարժի հնարավորությունն է սոցիալական մի խմբից մյուսը»։
Սոցիալական արդարության բագրատյանական մոդելի մյուս բնութագրիչն ինքնազբաղվածության աճն է։ Մի բան, ինչը նշանակում է. «Ոչ թե աշխատատեղ են ստեղծում մարդկանց համար, այլ, նախեւառաջ, նրանց հնարավորություն է տրվում ստեղծել սեփական նախասիրություններին համապատասխան զբաղվածություն (աշխատատեղ)»։ Այսինքն՝ ամեն մարդ ինքը պետք է մտածի իր զբաղվածության ապահովման մասին։ Դրա համար Բագրատյանը պատրաստվում է վճարել ցանկացած նոր փոքր ձեռնարկություն նախաձեռնելու հետ կապված վարկերի տոկոսները։
Թե ինչ գումարների հաշվին է մտադիր դա անել, նախընտրական ծրագիրը չի մանրամասնում։ Պետք է ենթադրել, որ վարկային տոկոսները պետք է մարվեն պետական բյուջեից։ Այլ կերպ ասած, ասենք՝ Պողոսը որոշում է փոքր ձեռնարկություն բացել, գնում է բանկ, ծրագիր ներկայացնում, վարկ ստանում, իսկ վարկի տոկոսի մարումը ստանձնում է պետությունը (այսինքն՝ հարկատուները)։ Երկու ամիս հետո Պողոսը գումարը մսխում է, ձեռնարկությունը չի ստեղծում, իսկ վարկի տոկոսի մարումը մնում է պետության (այսինքն՝ հարկատուների) վրա։
Բագրատյանին ակնհայտորեն դուր չի գալիս այսօր ֆինանսական համակարգում գործող բարձր աշխատավարձերը։ Ինչպես կարող է այս ոլորտում զբաղվածների վարձատրությունը 3 անգամ շատ լինել, քան տնտեսության մյուս ճյուղերում։ Այն դեպքում, երբ ֆինանսական ոլորտի մասնագետների պատրաստումն ավելի էժան է։
Որ ֆինանսական եւ տնտեսական համակարգերի միջեւ առկա է աշխատավարձերի նման խզվածություն, անկասկած է։ Սակայն փաստ է, որ կա դրա հաղթահարման երկու տարբերակ՝ պետք է նվազեցնել ֆինանսական ոլորտի աշխատավարձերը կամ բարձրացնել տնտեսականինը։ Թե որ ուղղությամբ է պատրաստվում գնալ Հ.Բագրատյանը, նախընտրական ծրագիրը չի ասում։
Մի բան, սակայն, հստակ է, որ նա ակնկալում է այդ խնդիրն ամբողջությամբ լուծել նախագահական ոչ թե մեկ, այլ երկու ժամկետի ընթացքում. դրա համար պահանջվում է առնվազն 8-10 տարի։
Բագրատյանական նախընտրական ծրագիրը ենթադրում է հինգ տարվա ընթացքում պետական բյուջեի եկամուտները 2,19 մլրդ դոլարից հասցնել 5,27 միլիարդի։ Բյուջեի եկամուտների ավելացման աղբյուրներից մեկը համարվում է պրոգրեսիվ հարկային քաղաքականությունը։ Այլ կերպ ասած, ով ավելի շատ է վաստակում, այնքան շատ հարկ պետք է վճարի։
Անշուշտ սա սոցիալական արդարության ապահովման հիմքերից մեկն է, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ վերաբաշխել հասարակության եկամուտները։ Այդ մոտեցումը, ըստ էության, առկա է նաեւ այսօրվա գործող հարկային համակարգում։ Սակայն Հ.Բագրատյանը հավանաբար մտադիր է խորացնել պրոգրեսիվ հարկի տարբերակումը։
Ավելին՝ նա կարծում է, որ պրոգրեսիվ հարկային քաղաքականության կիրառման հետեւանքով «որոշակի սահմանից սկսած այս կամ այն գործունեության՝ բիզնեսի, ընդլայնումը պետք է տնտեսապես նպատակահարմար չլինի»։ Այլ կերպ ասած, հարկային բեռը պետք է խոչընդոտի դրա ընդլայնմանը։ Ըստ էության, այս մեխանիզմով Հ.Բագրատյանը մտադիր է կասեցնել բիզնեսի խոշորացումը։
Սակայն հազիվ թե կարելի է կարծել, որ պրոգրեսիվ հարկի գաղափարը բիզնեսի կենտրոնացման դեմ պայքարի արդյունավետ միջոց է։ Դժվար չէ, որոշակի սահմանից հետո այն տարանջատել եւ գործել տարբեր տնտեսավարողների անվան տակ։ Դրանից արտաքուստ չի երեւա բիզնեսի խոշորացումը, բայց երեւույթը բնականաբար չի էլ փոխվի։
Բագրատյանը մտադիր է ներմուծել նաեւ նոր հարկատեսակներ։ Ասենք՝ շինարարության հարկ, որը պետք է սահմանափակի էլիտար շինարարությունը Երեւանի կենտրոնում։ Դրանով կսահմանվի հարկ՝ «անշարժ գույքի վաճառքի եւ դրա ձեռքբերման տարբերության նկատմամբ»։ Հարկի չափերը կլինեն տարբերակված՝ կախված գոտիականությունից։ Ամենամեծ գործակիցը կլինի Երեւանի կենտրոնի համար։
Բագրատյանը հարկային բեռի ծանրացում է նախատեսում սպիրտային եւ թունդ խմիչքների իրացման դեպքում։ Մասնավորապես անհրաժեշտ է համարում օղու եւ լիկյորի ակցիզային հարկի բարձրացումը։ Ավելին՝ դրանց նկատմամբ կսահմանվեն նաեւ նվազագույն գներ, որպեսզի ավելի ցածր չվաճառվեն։
Մի խոսքով, Բագրատյանը խոստանում է հաստատել երկրում սոցիալական արդարություն։ Թե ինչ է ներկայացնում իրենից սոցիալական արդարության բագրատյանական մոդելը, հասարակությունն արդեն մեկ անգամ տեսել է սեփական մաշկի վրա։

Ս.ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031