Վերջին երեք տարիներին, երբ կառավարությունը տնտեսական աճի տեմպի արագացում էր արձանագրում, երկիրը հասցրել է լքել 135 հազ. մարդ։ Արտագաղթն անգամ նպաստել է, որ Հայաստանում գործազրկության մակարդակը նվազի մինչև 16%։
Հայաստանը շարունակում է դատարկվել։ Անցած տարի ևս Հայաստան ժամանածների և մեկնածների հաշվեկշիռը բացասական է եղել՝ 42764 մարդով։ Պարզ ասած՝ այդքան մարդ անցած տարի մեկնել է Հայաստանից և չի վերադարձել։ Իհարկե, 2011թ. համեմատ երկրից մոտ 1000 մարդ քիչ է հեռացել, սակայն պետք է հաշվի առնել, որ Սիրիայի դեպքերի հետևանքով կտրուկ ավելացել է սիրիահայերի ներհոսքը։ 2012թ. մոտ 3,3 հազ. սիրիահայ Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել։ Եթե հաշվի չառնենք սիրիահայերի գործոնը, կստացվի, որ 2012թ. Հայաստանից մոտ 2,5 հազ-ով ավելի շատ մարդ է հեռացել, քան 2011թ.։
Ընդ որում՝ արտագաղթի տեմպն աճում է տնտեսական աճի տեմպին համընթաց։ Իհարկե, տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման միջև առկա է որոշակի ժամանակային լագ, սակայն պետք է հաշվի առնել, որ 2011թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 4,7%, իսկ 2012թ.՝ 7,1%։
Այսպես՝ 2011թ. Հայաստանում զբաղվածների թիվը նախորդող տարվա համեմատ կրճատվել է 10 հազ-ով։ Ըստ գործունեության տեսակի՝ 2011թ. լուրջ կրճատումներ են եղել պետական և համայնքային ծառայության համակարգերում՝ 50 հազ-ով։ Միևնույն ժամանակ, մասնավոր համակարգում աշխատակիցների թիվն ավելացել է 40 հազ-ով։
Կարդացեք նաև
Իհարկե, պետական համակարգն ուռճացված է, և անհրաժեշտ է օպտիմալացում, բայց նոր աշխատատեղերի բացակայության պայմաններում համակարգի կրճատումը խթանում է արտագաղթը։
2012թ. երրորդ եռամսյակում՝ 2011թ. համեմատ, զբաղվածների թիվը Հայաստանում նվազել է 28,6 հազ-ով։ Նույն ժամանակահատվածում նվազել է նաև գործազուրկների թիվը՝ 25,7 հազ-ով։ Նման հակասական իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2012թ. ինն ամիսներին տնտեսական ակտիվ բնակչության թիվը կրճատվել է 54 հազ-ով։
Միգրացիոն պետական ծառայության և Ազգային վիճակագրության ծառայության տվյալներից երևում է, որ Հայաստանը լքում են թե՛ նախորդ տարիների գործազուրկները, թե՛ անցած տարի աշխատանք կորցրածները։ 2008-ից ի վեր Հայաստանն արդեն լքել է ավելի քան 180 հազ. մարդ։ Ընդ որում՝ արտագաղթի տեմպը կտրուկ աճել 2010թ.՝ Հայաստանը լքել է 46,7 հազ. մարդ։
Արտագաղթի նման տեմպի պայմաններում փոխվում է գործազրկության վիճակագրական պատկերը։ Այսպես՝ զբաղվածների թվի նվազման պայմաններում 2012թ. ինն ամիսներին, 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գործազրկության մակարդակը կրճատվել է 1,2-տոկոսային կետով՝ կազմելով 16%։
«Օրակարգ»