Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զուսպ են ծախսել

Հունվար 18,2013 10:35

2012թ. պետբյուջեի եկամտային մասը կատարվել է 100%-ով, ծախսային մասի թերակատարումը կազմել է 2,3%։ Արդյունքում պետբյուջեի պակասուրդը նվազել է մինչև ՀՆԱ-ի 1,7%՝ նախատեսված 3,1%-ի դիմաց։

Ֆինանսների նախարարության գործունեության հաշվետվության համաձայն՝ 2012թ. պետբյուջեի եկամուտները կազմել են Դ910,34 մլրդ (ծրագրված էր Դ910 մլրդ), ծախսերը՝ Դ924,7 մլրդ (նախատեսված էր Դ946,5 մլրդ)։ Նախնական տվյալներով՝ թերակատարումը կազմել է Դ21,8 մլրդ կամ ծախսերի 2,3%-ը։ Արտաքին աղբյուրներից ստացված վարկային և դրամաշնորհային ծրագրերով կատարված հատկացումների ծախսերի հետ միասին՝ բյուջեի ծախսային մասը թերակատարվել է Դ61,5 մլրդ-ով կամ 5,6%-ով։ Արդյունքում առանց այն էլ զսպող հարկաբյուջետային քաղաքականությունը է՛լ ավելի զսպող է դարձել։ Ուշագրավ է, որ անգամ այս պայմաններում կառավարությանը հաջողվել է տարին փակել 7,1% տնտեսական աճով՝ նախատեսված 4,2%-ի դիմաց։

2012թ. վերջին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, մեկնաբանելով բյուջեով նախատեսված ու իրականում առկա ծախսերի շեղումը, նշում էր, որ այն պայմանավորված է միջազգային վարկային ծրագրերի կատարողականով։ «Որոշ ծրագրեր չեն կատարվում։ Երրորդ տարին շարունակ «Հյուսիս-Հարավ» ծրագրով էական գումարներ չեն ծախսվում, թեև բյուջեով գումարներ նախատեսվում են»,– ասել էր նախարարը։ Նրա խոսքով՝ այս ծրագրով նախատեսված միջոցները հնարավոր չի լինում ծախսել, քանի որ առկա են խնդիրներ՝ կապված մրցույթների, հողհատկացումների հետ։

Եթե հաշվի առնենք, որ ըստ բյուջեի՝ միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընդհանուր գումարը պետք է կազմի Դ90,42 մլրդ, իսկ կառավարության համաֆինանսավորումը՝ Դ22,4 մլրդ, ապա ԾԻԳ-երի աշխատանքների թերակատարումը 35%-ից ավելի է։

Ծախսերի թերակատարումը իրականում կառավարության բյուջետային կոնսոլիդացիայի հետևանք է։ Գործադիրը միջազգային կառույցների առջև ստանձնել է բյուջեի դեֆիցիտի կրճատման պարտավորություն։ Սակայն ինչպես 2011թ., այնպես էլ 2012թ., ընտրվել է ոչ թե ծրագրվածից ավելի շատ եկամուտներ ապահովելու, այլ պարզապես ծախսերը զսպելու ճանապարհը։

2012թ. բյուջեով ծրագրված էր, որ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3,1%-ը, կառավարության՝ «ծախսային գոտին» ձգելու արդյունքում այն կազմել է 1,7%։ Գործադիրը թեև ծրագրել էր բյուջեի դեֆիցիտի Դ135 մլրդ մակարդակ, իրականում այն կազմել է մոտ Դ70 մլրդ կամ ծրագրվածից մոտ երկու անգամ պակաս։

Ծախսային գոտու նման ձգումը, բացառված չէ, պայմանավորված է նրանով, որ կառավարությանը չի հաջողվել ներքին և արտաքին աղբյուրներից ստանալ նախանշված գումարները։ Գործադիրն անցյալ տարի ծրագրել էր ստանալ Դ123 մլրդ-ի կամ մոտ $335 մլն-ի վարկեր, սակայն ստացել է $295,1 մլն (Դ116,5 մլրդ)։ Ծրագրված և փաստացի ցուցանիշների միջև շեղումը մոտ $40 մլն է։

«Օրակարգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031