Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր էր լսել, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում». միջազգային դիտորդներ

Հունվար 17,2013 21:16

ԵԽԽՎ միջազգային դիտորդական առաքելության հիմնական պատվիրակությունը՝ 22  անդամից բաղկացած, Երեւան կժամանի փետրվարի կեսերին՝ ՀՀ նախագահական ընտրությունների դիտարկման համար: Իսկ մինչ այդ նախընտրական առաքելություն իրականացնող խումբը ժամանել է՝ տրամադրվածությունն ու իրավիճակը ստուգելու: Այսօր հրավիրած ասուլիսում դիտորդներն ասացին, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով արդեն հանդիպումներ են ունեցել խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպել են նաեւ հ/կ-ների ներկայացուցիչների, Երեւանում հավատարմագրված դիվանագետների հետ: Նրանց խոսքերով՝ «Այն խոշոր կուսակցությունները, որոնք ստացել են 30 տոկոս ձայն, ակնկալվում էր, որ պետք է որ մասնակցեին նախագահական ընտրություններին: Տարբեր թեկնածուներ նախագահի ընտրություններին չառաջադրվելու համար տարբեր պատճառներ մատնանշեցին: Առկա անտարբերության եւ անվստահության երեւույթը կապ չունի նախագահի թեկնածու չառաջադրելու որոշման հետ»: Դիտորդներն իրենց հայտարարությունն անելուց հետո 1-2 հարցի պատասխանեցին:

Aravot.am-ը պատվիրակության անդամներից հետաքրքրվեց՝ այսօր դուք հանդիպում եք ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, նա եւ ընդհանրապես մյուս խմբակցությունների ղեկավարները հատկապես ի՞նչ մտահոգություններ հայտնեցին՝ ընտրությունների հետ կապված:

Պատվիրակության անդամ Ստեֆան Շենաքը պատասխանեց. «Երեք կուսակցությունների հետ մենք խոսեցինք այն պատճառների մասին, որոնց հիման վրա նրանք որոշեցին չմասնակցել ընտրություններին: Ժողովրդավարության պայմաններում ամեն կուսակցություն ինքն է որոշում մասնակցության կամ չմասնակցության մասին: Թիկունքում կարող են լինել ռազմավարության հետ կապված պատճառներ, բայց մեր պատվիրակության համար կարեւոր էր լսել նրանցից, որ այդ երեք խմբակցությունները իրենց ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում:  Ընտրությանը մասնակցելը ժողովրդավարության կարեւորագույն արժանիքն է, կարեւոր էր լսել, որ ընտրողներին բոյկոտի կոչ չանեն»:

Հարցին՝ եթե բոյկոտի կոչ անեին, ի՞նչ կլիներ արդյունքում, դա ժողովրդավարական ստանդարտներով ի՞նչ կնշանակեր՝ պատվիրակության նախագահ Քերեն Ուոլդսեթը պատասխանեց. «Նման խնդիր չկա իրականում, իրենք չեն նշել, որ նման խնդիր կա: Մենք նախընտրական այցով ենք եկել, հետո կլինի ասուլիս»,- հարցի հետ բացարձակ չառնչվող պատասխան տվեց նա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031