Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ում կիսում են Տեր-Պետրոսյանի գնահատականները, իսկ ՀՀԿ-ում ՀԱԿ-ի «ներքին գործերին» չեն խառնվում

Հունվար 17,2013 19:39

Նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված Սասուն Միքայելյանի հոդվածին, որը բավականին շատ քննադատություն էր պարունակում` ուղղված ՀԱԿ-ին, եւ մասնավորաբար, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, հետեւեց առաջին նախագահի պատասխանը, որում Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձյալ պատասխաններ չէր հնչեցրել այն հարցերին, որոնք հուզում էին ոչ միայն Սասուն Միքայելյանին, այլեւ ՀԱԿ-ի համակիրներին: Խոսքը առաջին նախագահի` նախագահական ընտրություններին չմասնակցելու իրական պատճառների մասին է, ՀԱԿ-ի հսկայական ռեսուրսի փոշիացման` ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ում ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել` Սասուն Միքայելյանի տված գնահատականները չմեկնաբանելու մասին:

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխան հարցազրույցին` ՀԱԿ քաղխորհրդի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Մենք կիսում ենք նախագահի գնահատականները, որոնք տրվել են Սասուն Միքայելյանի վերաբերյալ»:

Aravot.am-ը նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրեց կարծիք հայտնել նախկին ՀՀԿ-ական, դեռեւս ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի դիտարկումների եւ առաջին նախագահի պատասխան հարցազրույցի մասին: Շարմազանովն ասաց, որ սա այն դեպքն է, երբ «դա իրենց ներքին խնդիրն է», ու ինքը կոռեկտ չի համարում կարծիք հայտնել: Դիտարկմանը` ինչպե՞ս է գնահատում առաջին նախագահի ոչ հստակ պատասխանները` նախագահական ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու կամ իրեն արժանի փոխարինող չպատրաստելու մասին, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ առաջին նախագահի չառաջադրվելու մասին  ինքն արդեն իր կարծիքը հայտնել է, ու դա այն է, որ տարիքը միայն առիթ էր, որովհետեւ Ֆրանուսուա Միտերանը, Ժակ Շիրակը, Շիմոն Պերեսը եւ այլք ավելի մեծ տարիքում էլ են երկրներ ղեկավարել:

Հարցին` որոշ վերլուծությունների համաձայն` ընդդիմությունը իր խոսքը պատրաստվում է ասել հետընտրական շրջանում. նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ից էլ քանիցս կարծիքներ հնչեցին, թե նախագահական ընտրություններին չմասնակցելով Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքականությունից չի հեռանում, հնարավո՞ր են հետընտրական զարգացումներ, Շարմազանովը պատասխանեց. «Ինձ համար մի բան պարզ է. ընտրություններին չեն առաջադրվում այն գործիչները, գոնե ընդդիմադիր դաշտից, որոնք տեսնում են, որ իրենք չունեն համապատասխան վստահություն հասարակության մոտ: Ընդդիմության չառաջադրվելու պատճառները շատ լավ տվել են հենց տարբեր ընդդիմադիր գործիչներ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031