«Լիարժեք կյանքով ապրող մարդն անպայման պետք է տնային կենդանի ունենա»: Այս կարծիքն են հայտնել մի շարք գերմանացիներ: Բանն այն է, որ Գերմանիայում անցկացվել են հարցումներ 14 տարեկանից բարձր 639 մարդկանց շրջանում՝ պարզելու ընտանի կենդանիների դերը նրանց կյանքում: Հարցման մասնակիցների 50 տոկոսը պնդել է, որ կենդանիների հետ շփումը փոխարինում է մարդկային շփմանը:
Ընատանի կենդանիները մարդկանց ընկերներն են, բարեկամները: Երկար ժամանակ մարդկանց հետ շփման արդյունքում ձեռք են բերում վերջիններին բնորոշ բազում հատկանիշներ: «Ջեյզին իմ ամենալավ ընկերն է: Ես նրան սիրում եմ նրա զվարճության համար, երբ թույլ կամ ճնշված եմ լինում, նա բարձրացնում է տրամադրությունս»,-ասում է 21-ամյա Ստելան: Թեպետ թութակը խոսել չի կարողանում, սակայն որոշ բաներ սովորել է«տիրուհուց». կարողանում է երգել, երբ Ստելան է ցանկանում, աղմկում է, երբ անծանոթ է մոտենում և ամեն առավոտ արթնացնում է «ընկերուհուն»: 23-ամյա Նարեկը տնային կենդանիներից նախընտրում է կատուներին. «Նրանք նրբանկատ են, փափուկ ու բուժիչ: Իմ կատուն ինձ հետ է քնում: Ցերեկը չարաճճիություններ է անում, իսկ երեկոյան դառնում է հլու-հնազանդ: Դասերիս առումով նա ինձ չի խանգարում, հակառակը՝ ես նրան փաղաքշելով գտնում եմ իմ հանգստությունը»,-ասում է նա:
Կենդանիների (ինչպես ընտանի, այնպես էլ վայրի) վերաբերյալ կան մի շարք օրենքներ, որոնք կարգավորում են նրանց իրավունքները, կենդանի-մարդ հարաբերությունները: Դրանցից շատերը նույնիսկ զվարճալի են: Օրինակ՝ Ֆլորիդայում արգելված է սեռական հարաբերություններ ունենալ վարազի հետ, իսկ Կոնեկտիկուտում` 18 կգ-ից բարձր քաշ ունեցող կենդանիների հետ:
Կենդանիների և մարդկանց սիրո մասին կան բազոմ վկայություններ: Եղել են դեպքեր, երբ շները անձնազոհության աստիճան վտանգից փրկել են իրենց տերերին: Պատահում է նաև, որ մարդիկ իրենց ողջ կարողությունը ժառանգում են իրենց ընտանի կենդանիներին: Տարածված կարծիք կա, որ տնային կենդանիները, երկար ժամանակ մարդկանց կողքին ապրելով, նմանվում են իրենց տերերին: Կառլի Դևիդսոնը, ով աշխատում է ԱՄՆ Օրեգոնի կենդանաբանական այգում որպես կենդանիներ խնամող, պատրաստել է «Մարդիկ և իրենց կենդանիները» լուսանկարների շարքը: Լուսանկարներում երևում է կենդանիների և նրանց տերերի նմանությունը:
Պատահում է նաև, որ մարդիկ են փորձում նմանվել իրենց «ընկերներին»: Նրանց, ովքեր ունեն շուն կամ հետաքրքրված են տարօրինակ իրերով, ճապոնական Neurowear ընկերության «Shippo» կոչված հայտնագործությունը, հաստատ կհետաքրքրի։ Ընկերությունը ստեղծել է փափկամազ պոչ, որը կառավարվում է մարդու գլխուղեղի ակտիվությամբ։ Սարքը նաև չափում է սրտի աշխատանքը: Համարյա թե շների պես, երբ օգտատերը հանգիստ է, պոչը անշարժ կլինի, իսկ երբ մարդը հուզված կամ վախեցած լինի, պոչ-սարքը կսկսի շարժվել՝ ցույց տալով համապատասխան տրամադրություն: Այսպիսով այս սարքերի սիրահարները ավելի հեշտ կկարողանան ընդհանուր լեզու գտնել շների հետ:
Նազենի Բաղդասարյան