Հունվարի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարություն էր այցելել սիրիահայ Մուշեղյանների ընտանիքը՝ ներկայացնելու 11-ամյա Սերլի Մուշեղյանի հաջողությունները լողի ասպարեզում: Վերջին 2 ամիսներին աղջիկը հնարավորություն է ունեցել անվճար մարզվել Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում: Մարզումների արդյունքում նա Հայաստանի լողի պատանեկան առաջնության վերջին 4 մրցաշարերում հաղթող է ճանաչվել՝ դառնալով չեմպիոն: Նախարար Հրանուշ Հակոբյանը, շնորհավորելով պատանի մարզիկին, վստահություն հայտնեց, որ նման տեմպերով Սերլին հաղթանակներ կնվաճի նաև միջազգային ասպարեզում: Նախարարը կարևորեց այն հանգամանքը, որ սիրիահայերն աստիճանաբար ինտեգրվում են հայաստանյան կյանքին, ինչի վկայութույնը նաև երեխաների արտադպրոցական առօրյայի կազմակերպումն ու գրանցած հաջողություններն են:
Տեղեկացնենք նաև, որ այսուհետ սիրիահայ պատանիներին Դինամո մարզադաշտում անվճար կերպով մարզումների հնարավորություն է տրվել: Իսկ Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինությունը, ընդառաջելով ՀՀ սփյուռքի նախարարության խնդրանքին, որոշում է կայացրել շնորհալի սիրիահայ մարզիկների մարզումները կազմակերպել անվճար:
ՀՀ սփյուռքի նախարարություն