Նախկին փաստահավաք խմբի անդամը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը համարում է հետագա քաղաքական գործընթացներին եւ 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ, որի իրավունքը, նրա կարծիքով Քոչարյանը չունի: Հարցազրույցում Քոչարյանը բացատրել էր փետրվարին կայանալիք ընտրություններին չմասնակցելու դրդապատճառները:
«Իմ կարծիքով` Ռոբերտ Քոչարյանի հայտը որեւէ արժեք չունի, որովհետեւ հասարակությունը իրեն մերժել է միշտ, կմերժի միշտ, քանի դեռ Քոչարյանը չի պատասխանել հիմնական երկու հարցերին` ի՞նչ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին, դա «ուչաստկովիի» գո՞րծ էր, թե՞` չէ, եւ ի՞նչ կատարվեց մարտի 1-ին Երեւանի կենտրոնում: Այդ հարցերի պատասխանը չտված մարդը իրավունք չունի որեւէ հայտ ներկայացնել մեր երկրի հետագա քաղաքական ճանապարհի մեջ հայտնվելու ուղղությամբ», – հայտարարեց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` երկրորդ նախագահը իշխանության վերադառնալու ցանկություն միշտ է ունեցել ոչ թե ժողովրդավարական ճանապարհով, այլ «ինտրիգներով», այս տարիներին ստվերում միշտ ակտիվ գործել է. այսօր արդեն բացահայտ է խոսում` օգտվելով քաղաքական համակարգի ամայությունից եւ այն հանգամանքից, որ ընդդիմադիր եւ իրենց այլընտրանք ներկայացնող ուժերը «տուն են գնացել»:
Կարդացեք նաև
«Հիմա քանի որ, ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը գնացել են տուն, նա հայտարարեց, որ ես տանից դուրս եմ գալիս կամ որսից վերադարձել եմ Երեւան: Եվ դրանով է պայմանավորված Քոչարյան Ռոբերտի հայտարարությունը եւ նրա հայտնությունը: Բայց մեր հասարակությունը հո՞ իր տեղում է, գիտի՞ իր բնազդով թեկուզ, որ Քոչարյան Ռոբերտին ընդունել պարզապես հնարավոր չէ: Իհարկե, կան մարդիկ, որոնք կերազեն Քոչարյան Ռոբերտի վերադարձը, բայց դրանք այնքան փոքրաթիվ են եւ այնքան կոռումպացված, որ դա ուժ համարել չի կարելի: Իսկ այն ուժերը, որոնց ուղղված էր այս հայտարարությունը, դեպի իրեն մոբիլիզացնելու խնդիր էր փորձում Ռոբերտ Քոչարյանը լուծել, ես կարծում եմ, որ իշխանությունը այդ խնդիրը արդեն լուծել է, եւ ինքը այդ ուժերին մոբիլիզացրել է դեպի իրեն: Խոսքը թե օլիգարխիայի, թե համազգեստավոր մարդու մասին է, այնպես որ Քոչարյան Ռոբերտը այդտեղ հաջողությունների հասնելու շանս չունի», – կարծում է Անդրանիկ Քոչարյանը: