Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակ «Freedom House»-ի զեկույցի՝ ՀՀ իրավապաշտպանները ոլորտում առաջընթաց չեն տեսնում

Հունվար 17,2013 16:43

«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցը, որտեղ անդրադարձ է կատարել նաև Հայաստանին և ԼՂՀ-ին: Չնայած անցյալ տարվա նման Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, սակայն զեկույցում բերված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածր, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները երկրում կազմակերպության կողմից գնահատվել են, համապատասխանաբար, «5» և «4» մակարդակի վրա: Իսկ ԼՂՀ-ի  գնահատականը, որն անցյալ տարի գնահատվել էր որպես «ոչ ազատ» երկիր, այս տարվա զեկույցում փոխվել է՝ հասնելով «մասամբ ազատ»-ի՝ «շնորհիվ հուլիս ամսին անցկացված մրցակցային նախագահական ընտրություններում իրական ընդդիմության մասնակցության»:

Սակայն Aravot.am-ի հետ զրույցում իրավապաշտանները նշեցին, որ հակառակ զեկույցում նշված առաջընթացի, ոլորտում իրենք դրական տեղաշարժեր չեն տեսնում:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով ժամանակին զբաղվում էր Արման Վեզիրյանի գործով, հույս էլ չունի, թե մոտ ապագայում իրավիճակը դրական փոփոխություններ կարձանագրի: Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց. «Այս պայմաններում որևէ առաջընթաց լինել չի կարող: Մոտ ժամանակներս մենք կունենանք նաև ընտրություններ, և կարծում եմ, որ ընտրությունները, թեպետ ակտիվ չեն սպասվում, բայց ամեն դեպքում ցույց կտան, որ դեռ երկար  ժամանակ առաջընթաց չի լինելու, քանի դեռ մեր հասարակությունը պատրաստ չէ այդ փոփոխություններին ակտիվ հետամուտ լինելուն,  իշխանություններն էլ առանձնապես տրամադրված չեն փոփոխությունների:  Ուստի դատարանները անկախ չեն, դատարանը, որը հիմնական ու կարևորագույն մարմինը պետք է լինի ու կարողանա լուծումներ տալ խնդրահարույց հարցերին, մեզ մոտ անկախ չեն: Հետևաբար մենք չենք կարող ակնկալել, որ կարող է լինել դրական փոփոխություն»:

«Իրավունքի եւ ազատության» կենտրոնի նախագահ Վարդան Հարությունյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Նրանք ունեն իրենց չափանիշները, սովորական մաթեմատիկական բանաձև է, այդ չափանիշներում տեղավորվում է Հայաստանը: Բայց դա ոչինչ չի նշանակում, առավել ևս, որ նրանք չեն փոխել ՀՀ-ի կարգավիճակը: Հայաստանը շարունակում է մնալ կիսաազատ երկրների ցանկում: Եվ ՀՀ-ն պիտի համեմատվի անազատ երկրների հետ: Նրանք ՀՀ-ն համեմատում են Հյուսիսային Կորեայի, Իրանի, Ուզբեկստանի հետ: Եվ  ասում են, որ ՀՀ-ն, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի՝ կիսաազատ է: Ուստի սրանով ուրախանալ, առավել ևս կարծել, թե առաջընթաց է գրանցել, պետք չէ: Ղարաբաղի առումով նշանակալին միայն այն է, որ վերջապես ԼՂՀ-ն դուրս եկավ անազատ երկրների ցանկից, բայց դա դեռ չի նշանակում, որ Ղարաբաղի ժողովուրդը պարտադիր իր վրա պիտի դա զգա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031