ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մաղթել էր իր թիմակիցներին, որ խոսքից անցնեն գործի: Aravot.am-ի հարցին` Ձեր քաղաքացիական փաստաթուղթը արդյոք կարելի՞ է դիտարկել` այդ շրջանակներում, որ Դուք հետեւում եք այդ հորդորին` ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ չի ուզում քաղաքացիական փաստաթղթի փակագծերը բացել. «Այն կհրապարակվի, եւ բոլորը կիմանան, թե ինչ է իրենից ներկայացնում: Ես հանրությանը տեղյակ եմ պահել, որ այդպիսի փաստաթուղթ եմ պատրաստվում ներկայացնել»:
Մեր հարցին` դրանից կարելի՞ է եզրակացնել, որ Դուք, ինչպես նշել եք` պատասխանատվություն զգալով հրապարակում Ձեր խոստումների համար, ուզում եք առաջնորդել ընդդիմադիր զանգվածին` նա պատասխանեց. «Ես ցանկանում եմ հավատարիմ մնալ այն խոստմանը, որ առավելագույն ջանքեր եմ գործադրելու` Հայաստանում իրական փոփոխությունների հասնելու համար: Եւ հույս ունեմ, որ բոլոր շահագրգիռ քաղաքացիները նույնպես ջանք կգործադրեն, եւ մենք մեր ջանքերը համադրելով, մեկտեղելով` կհասնենք քաղաքական արդյունքների եւ այո’, իշխանափոխության: Ավելի ճիշտ, նույնիսկ իշխանափոխության մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ իշխանափոխության համար պետք է լինի իշխանություն: Հայաստանում քանի որ իշխանություն չկա, այլ կա բռնազավթած վարչախումբ, խնդիրը Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու մասին է»:
Մենք հետաքրքրվեցինք` դուք կիսո՞ւմ եք Պետրոս Մակեյանի եւ Սոս Գիմիշյանի քննադատությունները, որ ՀԱԿ-ում ստեղծված ճգնաժամի համար մեղավոր են ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ այդ կապակցությամբ չի ցանկանում մեկնաբանություն տալ. «Մենք ունենք իրավիճակ , եւ այդ իրավիճակում մեզանից յուրաքանչյուրն ունի մեղավորության իր բաժինը: Ես չեմ ցանկանա, որ մեղավորության իմ բաժինը տեղափոխեմ կամ գցեմ ուրիշի վրա: Ես կարծում եմ` մեզանից յուրաքանչյուրն այսօրվա իրավիճակի համար մեղքի իր բաժինն ունի: Գուցե թե նաեւ այդ գիտակցումն ու պատասխանատվությունն է, որ մեզ մղում է հետագա գործողության»:
Մենք ճշտեցինք` բայց ընդունո՞ւմ եք, որ ՀԱԿ-ում ճգնաժամ կա` Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ այնքան ՀԱԿ-ն է, այլ Հայաստանի Հանրապետությունում այսօր ճգնաժամ կա: Եվ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում նաեւ` ՀԱԿ-ի անդամները եւ այդ թվում նրանք, ովքեր Կոնգրեսի անդամ չեն, մենք բոլորս կանգնած ենք ճգնաժամի առաջ: Եվ այդ ճգնաժամը պետք է լուծվի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ