Լրահոս
Օրվա լրահոսը

Ստոմատոլոգների կանխատեսմամբ՝ հարկերը բարձրացնելու պարագայում ստվերն ավելի է մեծանալու (Տեսանյութ)

Հունվար 17,2013 16:28

Արտոնագրային վճարների մասին օրենքի փոփոխությունը ստոմատոլոգների շրջանում դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: Այն ուժի մեջ է մտել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին: Օրենքի փոփոխությունից հետո ստոմատոլոգիական ծառայությունները պետք է հարկվեն ոչ թե շահութահարկով, ինչպես մինչ այդ էր, այլ` հաստատագրված հարկատեսակով, այսինքն` յուրաքանչյուր աթոռի համար: Այսօր «Հայացք» մամուլի ակումբում իրենց դժգոհությունների վերաբերյալ ասուլիս հրավիրած գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն ու Հայաստանի ստոմատոլոգների միության նախագահ Աշոտ Գեւորգյանը վստահեցրին, որ հարկման այդ տեսակին անցնելուց հետո ստոմատոլոգիական ծառայությունները 50 %-ով կթանկանան:  Ըստ  Լազար Եսայանի, ոչ ասոցիացիան, ոչ էլ առհասարակ ստոմատոլոգները տեղյակ չեն եղել օրենքի մանրամասներին. «Առաջին հայացքից այն շատ լավն է, քանի որ ստոմատոլոգին ազատում է շատ հոգսերից, բայց, երբ որ խորանում ենք այդ օրենքի մեջ, տեսում ենք, որ կան բազմաթիվ բացթողումներ, հարկային պարտավորությունները մի քանի անգամ մեծանում է»:

Նոր օրենքով ստոմատոլոգը մեկ աթոռի համար պետք է վճարի 80 հազար դրամ: Պատկերցնելու համար, թե քանի անգամ է ավելացել հարկը, Աշոտ Գեւորգյանն ասաց, որ նախկին օրենքով 11 աթոռի համար ստոմատոլոգիական կլինիկան ամսական վճարել է 2 միլիոն դրամ շահութահարկ, այժմ պետք է վճարի 8,5 միլիոն դրամ:
Լազար Եսայանի խոսքերով, օրենքի նախնական տարբերակում մեկ աթոռի համար 30 հազար դրամ վճարելու մասին է խոսքը գնացել, վերջնական տարբերակում ստոմատոլոգները հայտնաբերել են, որ 30 հազարը դարձել է 80 հազար դրամ:

Aravot.am-ի հարցին, թե ո՞ր օղակում է հարկի չափը փոխվել, պարոն Եսայանի պատասխանը տեսանյութում.

Ըստ պարոն Գեւորգյանի, որպեսզի ստոմատոլոգը կարողանա վճարել 1 աթոռի համար այդ 80 հազար դրամը, պետք է մեկ բազկաթոռի համար մեկուկես միլիոն դրամ մուտք ունենա. «Մեկ ատամ բուժելու, պրոթեզավորելու համար մենք անցնում ենք 3 փուլ, ախտորոշում, բուժում, բուժման ընթացքում մի քանի անգամ ախտորոշում, այսինքն` մեկ ատամ բուժելու համար կհարկվի երեք անգամ»:

Լազար Եսայանի ներկայացմամբ, այս օրենքում հաշվի չի առնված մանկական ստոմատոլոգիական ծառայությունը, ուսումնական գործընթացը, տեխնիկական լաբորատորիաները, ռենտգենաբանական ծառայությունը, որոնք գտնվում են պոլիկլինիկաներում. «Համալսարանն ունի 4 կլինիկա, մենք օգտվում ենք այդ կլինիկաներից՝ որպես բազաներ: Բժշկական համալսարանն ունի մոտ 50 ստոմատոլոգիական բազկաթոռ, այնտեղ աշխատում են մեր ուսանողները, եթե մեկ ատամը մենք բուժում ենք մեկ ժամում, մեր ուսանողները, բնականաբար, դա կբուժեն 3-5 ժամ կամ 1-2 օրվա ընթացքում, բնական է՝ նրանք ուսանող են եւ սովորելու փուլում են , ստացվում է, որ շահութաբեր չի համալսարանական բազկաթոռի աշխատանքը եւ արդյունքում՝ ուսումնական հաստատությունը պետք է աշխատի գերվնասով»:

Ըստ նրա՝ սահմանամերձ շրջանների համար նույնպես պիտի վերանայվի օրենքը:

Աշոտ Գեւորգյանի խոսքերով, հարկային մարմինները այսպիսի հարկեր սահմանելով, փորձում են ստվերը կրճատել այդ ոլորտում, բայց, ըստ պարոն Գեւորգյանի, այս նոր օրենքի պարագայում ստվերն ավելի է մեծանալու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031