Ձկնաբուծության արտահանման ծավալը տարեցտարի ավելանում է: Եթե 2010 թվականին այն կազմել է 1000 տոննա, ապա նախորդ տարում ձկան արտադրման ծավալը հատել է 1400 տոննա ծավալի սահմանը: Ռուսաստանը հայկական ձուկ ներմուծող պետությունների շարքում զբաղեցնում է առաջատար դիրքերը:
Այսօր «Ելակետ» ակումբում այս մասին տեղեկացրեց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը:
Կազմակերպության գործադիր տնօրենը նաեւ ներկայացրեց այն խնդիրները, որոնք հուզում են հայ ձկնաբույծներին ու խոչընդոտում հայկական ձկան արտադրմանը:
«Մեր հիմնական չլուծված խնդիրներից է մնում հողի նշանակության փոփոխության խնդիրը: Կադաստրի պետական կոմիտեն հաշվարկներ է արել ու պարզել, որ եթե գյուղատնտեսական հողի նշանակությունը փոխվի արտադրականի առանց կադաստրային արժեքի տարբերության վճարման, ապա համայնքային բյուջեն կպակասի 450 մլն. դրամով: Հայ ձկնաբույծը այդքան փող չունի հողի նշանակությունը փոխելու համար»,- ասաց Ա. Աթոյանը` հավելելով, որ տարբեր համայնքներում կադաստրային արժեքը տարբեր է:
Կարդացեք նաև
«Կադաստրային արժեքի տարբերությունը սկսվում է 520 դրամից՝ քառակուսի մետրի համար: Իսկ 1 հա-ի համար որոշ տեղերում այն հասնում է ահռելի չափերի` 19 մլն 500 հազարի»,- ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հ/կ-ի գործադիր տնօրենը` նկատելով, որ իրենք վարչապետի կողմից ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբին նաեւ առաջարկել են, որպեսզի ջրօգտագործման 3-ամյա ժամկետը փոխարինվի 25 տարի ժամկետով:
«Ջրօգտագործման ժամկետի երկարաձգման համար փաստաթղթերը պահանջում են բնապահպանական գիտելիքներ, եւ լավ ձկնաբույծը պարտավոր չէ նաեւ լավ բնապահպան-մասնագետ լինել»,- ասաց ձկնաբույծների իրավունքներով զբաղվող հ/կ-ի տնօրենը` ընդգծելով, որ 2011 թ-ի մայիսից փոխվել է նաեւ փաստաթղթերի քանակը` հինգից հասնելով տասներեքի:
Ա. Աթոյանի հավաստմամբ` ռուս գործընկերները ձկան շուկայի վրա անձնական ազդեցության մեթոդներով են աշխատում:
«Մեր հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանում 1 կգ իշխանը արժե 520-560 ռուբլի: Եթե ներմուծող կազմակերպությունը ներմուծված ապրանքից ակնկալում է 30% շահույթ, իսկ վաճառողն էլ իր հերթին է հետապնդում այդքան շահույթ, ապա մենք պետք է բարձրացնենք ձկան արտահանման ծավալը դեպի Ռուսաստան»,- ասաց հ/կ-ի գործադիր տնօրենը` ընգծելով, որ բացի ռուսական շուկայից իրենք փնտրում են այլ պահեստային շուկաներ:
Աշոտ ԱԹԱՅԱՆ