Ալժիրում պատանդառվածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացի կա: «Ֆրանսպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ, այդ մասին ասել է իսլամիստ գրոհայինների ներկայացուցիչը «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում:
Գրոհի հեղինակները հաստատել են, որ նավթային գործարանի վրա կատարված հարձակման արդյունքում իրենք պատանդ են վերցրել 41 մարդու, այդ թվում՝ Հայաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի քաղաքացիների:
«Մենք պահանջում ենք, որ Ալժիրի զինված ուժերը դուրս բերվեն գործարանի տարածքից՝ բանակցություններ սկսելու համար», – ասել է գրոհայիններից մեկը:
Վերջինս նաեւ պնդել է, թե ալժիրցի դիպուկահարները կրակ են բացել գործարանի տարածքում, ինչի արդյունքում վիրավորվել է գերեվարվածներից մեկը, ենթադրաբար՝ Ճապոնիայի քաղաքացի:
Կարդացեք նաև
Գործարանի տարածքից զորքը դուրս բերելու կոչով են հանդես եկել նաեւ պատանդներից մի քանիսը, որոնք կոչ են արել դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել՝ կորուստներից խուսափելու համար:
«Ազատություն» ռադիոկայան