Լրահոս
Օրվա լրահոսը

Աշակերտներն ընդվզեցին ընդդեմ անորակ շտեմարանի

Հունվար 17,2013 16:06

Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանի որակի ու խրթինության վերաբերյալ թեժ քննարկումները շարունակվում են սոցցանցերում, որոնց մասնակցում են ոչ միայն մասնագետներ, այլեւ 12-րդ դասարանցիներ: Այսօր «Արմատ» ակումբում շտեմարանի մասին իրենց դիտարկումները ներկայացրին 12-րդ դասարանի աշակերտներ Գրիշա Էձգերիձեն եւ Աննա Մուրադյանը:

Գրիշան փաստեց, որ շտեմարանի հետ աշխատելիս բազմաթիվ խնդիրների է հանդիպում, ինչ վերաբերում է մասնավորապես գրականության բաժնին, նրա ասելով, այնտեղ չկան այնպիսի հարցեր, որոնք ստուգում են աշակերտի գիտելիքները. «Տրված են անհեթեթ պահանջներ, օրինակ՝ դրանցից մեկով պետք է նշենք պատմվածքի դայակների եւ աղախինների անունները: Այսինքն, եթե չենք հիշում, ենթադրենք՝ «Սամվել» պատմավեպի մի դայակի անուն, ուրեմն պատմավեպին ծանո՞թ չենք»:

Աննան էլ անդրադարձավ հայոց լեզվի բաժնին. «Թեստերը ծավալուն են, խրթին, հաճախ վատ թարգմանված կտորներ կան»:

Գրիշա Էձգերիձեն պատմեց, թե ինչպես է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղել շտեմարանի վերաբերյալ, էնտեղից վերցրած բառերով կազմել «Զօրհանապազ ոգորումը պետք է հանապազորդել առանց դեդևելու:Մենք քերովբեներ չենք եւ սերովբեներ» նախադասություն, իսկ նախարարը պատասխանել է, որ ԳԹԿ-ն անկախ կառույց է եւ նախարարության ենթակայության տակ չէ: «Պարոն Աշոտյանը հավաստիացրեց, որ քննաթերթիկներում վատ թեստեր չեն լինի: Բայց մի բան չեմ կարողանում հասկանալ՝ ասելով, որ ԳԹԿ-ն իրենը չէ, ԿԳ նախարարն ինչպե՞ս կարող է անտարբեր լինել այս հարցի հանդեպ, երբ իր տեղակալ Մանուկ Մկրտչյանը ԳԹԿ խորհրդի նախագահն է»,- զարմանում է Էձգերիձեն:

12-րդ դասարանցիները, ի թիվս այլ օրինակների, նշում են, որ իրենց ուսուցիչները սովորեցրել են մաքուր հայերեն խոսել, հրաժարվել օտարաբանություններից, մինչդեռ շտեմարանի «Ուղղագրություն» բաժնում կա «մասսա» բառը, չնայած հայերեն «զանգված» համարժեքին: Աննան էլ հավելում է՝ շտեմարանում միտումնավոր օգտագործված է «քսուկ» բառը, ու փակագծում գոնե գրված չէ, որ կ-ով «քսուկը» բույս է, իսկ դա հաստատ շփոթ կառաջացնի քսուք բառին ծանոթ աշակերտների մոտ, որոնք հո չեն կարող նստած գուշակել, որ կ-ով գրվող քսուկ էլ կա:

Ի դեպ, ԿԳ նախարարն այսօր միացել է դիմորդների բողոքին ու խոստացել մինչեւ քննաշրջան մաքրել շտեմարանը վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031