Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխտնօրենը իր 56 400 000 դրամի գողության մասին ոստիկանությանն է դիմել անձը չպարզվածի միջոցով

Հունվար 17,2013 15:47

Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Աշոտ Առուշանյանի և Էդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ, մեղադրողը միջնորդեց Աշոտ Առուշանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամանակով, իսկ Էդգար Կարաքեշիշյանին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել ազատազրկման 8 տարի ժամանակով: Վերջին խոսքով ամբաստանյալները հանդես կգան հունվարի 21-ին, ապա դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու:

Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ հանդես է եկել պաշտպանական ճառով, միջնորդել է իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում ճանաչել անմեղ և նրա նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ըստ պաշտպանի, նախաքննական մարմնի կողմից Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասով, այն բանի համար, որ նա խմբով , առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Ստանիսլավի Կարաքեշիշյանին և ծանոթ Արտաշես Պետրոսի Գալուստյանին օժանդակել է հանցագործության կատարմանը` վերջիններիս տրամադրելով տեղեկատվություն հափշտակության առարկայի` առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի, Ա.Գալուստյանը հետևել է «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանի վարած «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենային, հսկել տեղանքը, իսկ Էդ.Կարաքեշիշյանը քարով հարվածելով և կոտրելով ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին` ավտոմեքենայի սրահից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 56.400.000 ՀՀ դրամ գումարը և 2 կնիքներով ու պաշտոնական փաստաթղթերով ճամպրուկը: «Դատաքննությամբ հետազոտված ապացույցներից ակնհայտ է, որ Ա. Առուշանյանին առաջադրված մեղադրանքը հիմնված է միայն Ա.Գալուստյանի ցուցմունքի վրա, իսկ նրա մեղադրանքի հիմքում դրված մյուս նյութերը հակասության մեջ գտնվելով Ա.Գալուստյանի ցուցմունքների հետ` հերքում են այն»,- ասում է Լ.Սիմոնյանը:

Պաշտպանի կարծիքով, Ա. Գալուստյանի ցուցմունքները հրապարակման միջոցով ենթակա չէին հետազոտման, քանի որ նա հարցաքննվել է մի դեպքում գտնվելով կասկածյալի, մի այլ դեպքում՝մեղադրյալի կարգավիճակում: ի դեպ, նշենք նաեւ, որ նա մահացել էր դատաքննության փուլում:

Փաստաբանը հղում է անում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածին, համաձայն որի նախաքննության ընթացքում մեղադրյալի ցուցմունքների հրապարակման դեպքերը թվարկված են սպառիչ, իսկ դատարանը նույնիսկ ֆորս մաժորային իրավիճակում լիազորված չէր հրապարակելու, որպես մեղադրյալ հարցաքննված, այսօր արդեն հանգուցյալ Ա.Գալուստյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները::

Պաշտպանը մեր զրույցի ժամանակ նշեց նաեւ, որ Աշոտի անձնագրի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ նա դեպքի կատարման օրը բացակայել է Հայաստանից:

Իսկ «Մանանա Գրեյն» ՍՊԸ կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված տեղեկանքի համաձայն էլ, ՍՊԸ կողմից «Էյչ-Էս-Բի-Սի» բանկի հաշվարկային հաշվին 2011թ. մայիսից մինչ հունիսի 5-ը` 200 միլիոն կամ դրանից ավելի գումար մուտք չի արվել, հետևաբար, բանկի համակարգչային բազայում նման տվյալ չէր կարող լինել , իսկ «օժանդակող» Ա.Առուշանյանն էլ այդպիսի տվյալ չէր կարող ունենալ և այլ անձանց փոխանցել:

Ի դեպ, նախաքննական մարմնի կողմից ստացվել են «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ, «Օրանժ Արմենիա» ՓԲԸ Ա. Առուշանյանի, Է. Կարաքեշիշյանի և Ա.Գալուստյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերի վերծանումները: Պաշտպան Լ.Սիմոնյանի դիտարկմամբ, նրանց հեռախոսահամարների մուտքային և ելքային հեռախոսազանգերը, ոչ 2011թ. հունիս-հուլիս ամիսներին, ոչ էլ մեկ այլ ժամանակահատվածում, միաժամանակ չեն սպասարկվել «Օպերայի» տարածքի «Ղ-Տելեկոմ» կամ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ սպասարկող կայաններից: Զրուցակցիս կարծիքով, Ա.Գալուստյանի մասնակցությամբ կատարված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված առկա ցուցմունքները ստացվել են վերջինիս պաշտպանության իրավունքի խախտման պայմաններում:

Ուշադրության արժանի է այն, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ա.Մանուկյանը գողության մասին , ինչպես իր ցուցմունքում նշել է, ոստիկանությանը հայտնել է ոչ անձամբ, այլ գործընկերոջ միջոցով և գողության փաստին տեղեկանալուց մոտ մեկ ժամ անց: Պարզված չէ նաև Ա.Մանուկյանի գործընկերոջ անձը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031