Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյան. Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու, հասարակության եւ պետության այն նկարագիրը, որը մեզ սպասելու է ապագայում

Հունվար 17,2013 15:40

«Փետրվարին նշվելու է շարժման 25- ամյակը: Սովորաբար, երբ խոսում են՝ անցյալը վերածվում է թանգարանային նմուշի, բայց ես կխոսեմ ավելի ակտուալ հարցերի մասին: Բանն այն է, որ Ղարաբաղյան շարժումը թանգարանային նմուշ չէ, այսօրվա խնդիրները եւ նրանց արտահայտությունները Հայաստանում այնպիսին են, որ այն, ինչը գրանցեց Ղարաբաղյան շարժումը, սկզբնաքար էր ապագա ճանապարհի համար, որով պետք է ընթանանք դժվարին աշխարհում»,- այսօր «Իրատես de facto» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ղարաբաղյան շարժման մասին՝ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը ուղերձ ստացավ իր ճակատագրից եւ իրականացրեց. «Մենք դա տեսել ենք, հետո փաթեթավորել եւ դրել մի կողմ, որ մեզ չխանգարի ապրել այսօրվա մահացող աշխարհի կյանքով: Ի տարբերություն մյուս ժողովուրդների, մենք ժամանակից առաջ էինք անցել: Ղարաբաղյան շարժումը տվեց մարդու, հասարակության եւ պետության այն նկարագիրը, որը մեզ սպասելու է ապագայում: Միայն սրա համար այսօր պետք է ամենայն մանրամասնությամբ այդ փաթեթները բացենք եւ հասկանանք, թե ինչ է այն ժամանակ իրականում եղել»:

Մանուչարյանը տեղեկացրեց, որ անգլիական հրատարակություններից մեկը, որն ուսումնասիրում է Հայաստանը, հրատարակել եւ թարգմանել է 1992 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքույկը, որում Մոսկվայի «Բուտիրկայում» գրված նամակներն են: Մանուչարյանը գտնում է՝ «Դա այն ժամանակվա մարդու հուշերն են եւ այսօր ամբողջ Ղարաբաղյան շարժման եղածը, այսինքն՝ թե ինչ էր այն ժամանակվա մարդը զգում, ինչպես էր ապրում, ինչ երազանքներ ուներ եւ այն՝ այդ ամենը այսօրվա երիտասարդության համար կանվանեի չուղարկված նամակներ»:

Մանուչարյանի խոսքով՝շարժումը այն է, ինչը մեզ հուշելու է ապագա տանող ուղին, այսինքն՝ հենց այն, ինչ կորցրել ենք 25 տարի առաջ. «Հիմա շեղված- խեղված ենք, եւ գնում ենք սխալ ուղիով»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031