Այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի սրահում տեղի ունեցավ ՀՊՏՀ խորհրդի նիստ` ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2012 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների հաշվետվությունը:
«Հաշվետու ժամանակաշրջանում ՀՊՏՀ-ում շարունակվել է գիտահետազոտական աշխատանքների ակտիվացման, կրթության որակի բարձրացման ռազմավարությունը` խնդիր դնելով պատրաստել աշխատաշուկայում մրցունակ, բարձր որակավորման տնտեսագետներ`բակալավրիատի 17 մասնագիտություններով և 11 մասնագիտացումներով, մագիստրատուրայի 17 մասնագիտություններով, 22 մասնագիտացումներով և գործատուների հետ համատեղ իրականացվող մագիստրոսի 8 կրթական ծրագրով»-ասաց Աթոյանը։
Ներկայացնելով համալսարանի խնդիրները՝ ռեկտորն արձանագրեց, որ պետք է իրականացնել հավատարմագրման գործընթաց, նոր պահանջներին համապատասխան ուսումնամեթոդական փաստաթղթերի փաթեթի մշակում, բուհի կառուցվածքի կատարելագործում եւ առկա ռեսուրսների խնայողությանն ուղղված աշխատանքներ:
«Բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսումնական պլաններում կան կրկնվող դասընթացներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում կրթության որակի բարձրացմանը։
Կարդացեք նաև
Դասընթացների մի զգալի մաս ուսանողներին գիտամեթոդական և գործնական հմտություններ չի տալիս: Բացի այդ, որոշ ամբիոններ և դասախոսներ թերանում են իրենց աշխատանքային պարտականությունների կատարման գործում»,-փաստեց Կորյուն Աթոյանը:
Հաշվետվության ներկայացման ավարտին բուհի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ հավանություն տրվեց ՀՊՏՀ 2012թ.-ի գործունեությանը, 2012թ.-ի բյուջեի կատարման արդյունքները գնահատվեցին բավարար, հաստատվեց ՀՊՏՀ 2013թ. բյուջեն, ինչպես նաեւ՝ ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում հետազոտական կենտրոնի ստեղծումը:
Հովիկ Աբրահամյանը կարծիք հայտնեց, որ կենտրոնը կնպաստի համապատասխան օրենսդրական նահագծերի մշակմանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ