Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերենի մասնագետը «ջախջախեց» շտեմարանը

Հունվար 17,2013 15:16

Մովսես Խորենացու անվան թիվ 143 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն այսօր «Արմատ» ակումբում տարակուսանք հայտնեց հայոց լեզու եւ գրականություն առարկայի շտեմարանի որակի մասին: Ըստ նրա, կազմից սկսած վրիպակներ ու սխալներ կան, շտեմարանն էլ իր բուն սկզբունքից եւ նպատակից նահանջել է: «Դավիթ Գյուրջինյանի կազմած շտեմարանում պատասխաններն այսպես էին՝ 1 ճիշտ, 1 ճշմարտանման, 2 սխալ պատասխան, իսկ այսօրվա շտեմարանում պատասխանների մեծ մասը ճշմարտանման է…Կամ՝ գուցե ես լավ մասնագետ չեմ, ու չեմ հասկանում, թե ինչու է շտեմարանի կազմին գրված «Շտեմարան, 1 մաս»: Ես աշակերտներին սովորեցրել եմ, որ առաջին գրելու դեպքում կա՛մ պետք է լինի հռոմեական մեկ՝ I, կամ էլ, եթե արաբական թվանշան է, գրված լինի 1-ին: Ուրեմն սա է՞լ է վրիպում»,-փաստում է տիկին Սարգսյանը:

Aravot.am-ը Գայանե Սարգսյանից հետաքրքրվեց՝ իր առաջարկներն ու դիտարկումները ներկայացրե՞լ է ԳԹԿ: «Նրանք, ովքեր որ պետք է զբաղվեն այս գործով, թող բարի լինեն իրենց աշխատանքը ճիշտ կատարել: Այսօր շտեմարանի տարափ կա, ո՞ւմ է պետք այդ տարափը: Չէ՞ որ բոլորիս խնդիրը աշակերտներին հայեցի կրթելն ու դաստիարակելն է. երեխաներին պետք է սովորեցնենք առաջին հերթին սիրել մայրենի լեզուն, գրագետ լինել, ճիշտ արտահայտել մտքերը, գեղեցիկ խոսել: Արդյոք շտեմարանը օգնո՞ւմ է աշակերտին… Այսօրվա շտեմարանը երեխայի մոտ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում եւ հուզում, իսկ պե՞տք է մեր երեխաներին այդ ավելորդ հուզումը»,- պատասխանեց մասնագետը:

Ուսուցչուհին պնդում է, որ աշակերտները շտեմարաններից չեն կարող օգտվել առանց կրկնուսույցի օգնության. «Անջրպետ կա, բարձրաձայնենք, որ շտեմարանն իր նպատակին չի ծառայում, երեխան ինչպե՞ս կարող է շտեմարանում տեղ գտած մի շարք բառերը, ընդ որում՝ հնաբառերի բացատրությունը իմանալ: Նա ստիպված է բառարաններ պեղելու, միայն նեղ մասնագետը կարող է օգնել երեխային»:

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքում ստեղծվել է՝ «Պայքար անորակ շտեմարանների դեմ» խումբ, որն առաջարկում է վերանայել շտեմարանները:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031