«Սովորաբար նախագահական ընտրություններն ավելի լարված են լինում քան՝ ԱԺ ընտրությունները, բայց այս անգամ կարծես թե դերերով փոխվեցին: ԱԺ ընտրությունները շատ ավելի բուռն էին ու լարված, քան այն՝ ինչ տեսնում ենք այս պահին: Կա գործող նախագահ եւ 7 թեկնածու, բայց ռեալ շանսերը գրեթե բացակայում են նրանց մոտ, համեմատած գործող նախագահի շանսերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Նրա խոսքով, սովորաբար պայքարի մեջ մտնում են տարբեր առումներով. օրինակ՝ մնալու համար քաղաքական գործընթացների մեջ, այս կամ այն դիվիդենդները քաղելու համար՝ քաղաքական, նյութական եւ այլն, մարդ էլ կա, որ պարզապես հայտ է ներկայացնում քաղաքական դաշտ մտնելու համար, մեկ ուրիշն էլ՝ հինգ տարին մեկ գալիս գնում է, ինչն էլ Քոչարյանի համար անհասկանալի է: «Անուններ չեմ ուզում տալ: Բայց կարծում եմ, որ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի պարագայում կոնկրետ քաղաքական պրոցես է գնում: Ինձ համար ավելի անհասկանալի է այն, որ ԱԺ-ի երկրորդ քաղաքական ուժը, որին, վերջին հինգ տարում ես այդպիսին եմ համարել նրան, ընդդիմության լիդեր ուժը չի ներկայանում, թեեւ Բագրատյանը ՀԱԿ-ից է, սակայն ՀԱԿ-ը կարծես թե հակված չէ պաշտպանել նրան, առավել եւս, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է, որ իրենք բոյկոտում են, չեն մասնակցում: Ինձ համար սա ավելի անհասկանալի է, քան այն, որ մտնում են պայքարի մեջ ու գիտեն, որ պարտվելու են: Ինչեւէ կյանք է, ինչպես օրինակ՝ «Սուպերսթարում», երբ մարդը գիտի, որ ինքն անտաղանդ է, երգում է, բոլորը ծիծաղում են, բայց գալիս է երգի, պարզապես երեւալու կամ՝ ինչ որ մեկին, ինչ որ բան ապացուցելու համար: Ես չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Հրանտ Բագրատյանի պարագան դա է, պարզապես մտել են, որովհետեւ քաղաքական պրոցես է, քաղաքական դաշտն են ներկայացնում, ուզում են, որովհետեւ քաղաքական կյանքը չի ավարտվում ընտրություններով, հետո նորից լինելու են պրոցեսներ, որպեսզի դրանցից դուրս չմնան»: Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե քաղաքական ինչ պատկեր է լինելու փետրվարի 19-ից հետո, Քոչարյանը պատասխանեց, որ փետրվարի 18-ը լինելու է ոչ թե ընտրության, այլ՝ ինագուրացիայի օր. «Իսկ հետոն շատ հետաքրքիր է լինելու եւ այս ընտրությունները հենց դրանով են տարբերվելու: Կա գրեթե ամայացած ընդդիմադիր դաշտ, թե այնտեղ ինչ է լինելու, կամ իշխանական թեւում ով է հաղթելու, օլիգարխի՞կ, թ՞ե քաղաքական հատվածը, որովհետեւ այնտեղ վաղուց կա այդ հակամարտությունը, հետոն ցույց կտա: Շատ հետաքրքիր է, թե որ կողմն է լինելու արտաքին քաղաքականությունը, գնալու են եվրասիական ուղղությամբ, որը գոյություն չունի, թե ընտրելու ենք եվրոպական ուղղությունը, սրանք այն հարցերն են, որոնք երեւալու են ՀՀԿ-ի թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավի ժամանակ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ