Լրահոս
Օրվա լրահոսը

Բիձինա Իվանիշվիլի. Հնարավոր է վերականգնվի Աբխազիա-Վրաստան-Հայաստան երկաթգիծը (Տեսանյութ)

Հունվար 17,2013 14:30

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջերս Լիտվայի խորհրդարանում հնչած Վրաստանի արտգործնախարարի այն հայտարարությունը, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, աղավաղված է, եւ այդ հարցն արդեն սպառված է: Այսօր Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսթավի հեռուստաընկերության կողմից հնչած հարցին՝ նորից մեկնաբանել Վրաստանի ատգործնախարարի խոսքերը,  այսպես պատասխանեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ապա մի փոքր զայրացած ավելացրեց, որ զարմանալի է, թե ինչու է այս նույն հեռուստաընկերությունը նորից այդ խնդրին անդրադառնում, քանի որ հենց այդ ընկերությունն էլ հայտարարել է, որ նախարարի խոսքերն աղավաղվել են: Պարոն Իվանիշվիլիի խոսքերով, Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ էլ ինքը խոսել է այդ մասին, եւ Հայաստանի վարչապետի հետ զրույցի ընթացքում եւս արտահայտել է Վրաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ այս խնդրի շուրջ Վրաստանի կառավարությունը հավասարակշռված դիրքորոշում ունի եւ անմիջապես հայտարարեց, որ իրենց արտգործնախարարի խոսքերն աղավաղված են եղել:

Հայկական լրատվամիջոցներից մեկի այն հարցին էլ, թե հայ համայնքն ի՞նչ  ակնկալիքներ ունի Վրաստանի վարչապետից եւ ինքն ինչ քայլեր է ձեռնարկելու Ջավախքում, Բիձինա Իվանիշվիլին պատասխանեց, որ նախընտրական հանդիպումների ժամանակ իր տված բոլոր խոստումներն ինքը կարող է իրականացնել, իսկ թե ինչ խոստումներ է տվել, չմանրամասնեց: Վրաստանի վարչապետի խոսքերով՝ «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի Վրաստանի հայությունն իրեն Վրաստանում զգա ինչպես սեփական երկրում» եւ ամեն ինչ կանի հայության ինտեգրման համար:

Հայկական լրատվամիջոցներից մեկի կողմից հնչած մյուս հարցին էլ՝ թե հնարավոր համարո՞ւմ է Վրաստանի վարչապետը, որ մոտ ապագայում վերականգնվի Աբխազիա- Վրաստան- Հայաստան երկաթգիծը, հաշվի առնելով  հայ-վրացական հարաբերությունների զարգացման միտումները, Բիձինա Իվանիշվիլին պատասխանեց. «Ես կարծում եմ՝ հնարավոր է, հնարավոր է նաեւ ավելին: Կարծում եմ պետք է երկաթգիծը վերականգնել: Վրաստանի եւ Հայաստանի միջեւ խնդիրներ չկան, բայց դուք գիտեք,  որ Վրաստանը Ռուսաստանի հետ լուրջ խնդիրներ է ունեցել, հիմա էլ ունի:  Մենք  աշխատում ենք որքան հնարավոր է արագ կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ամենաբարդ խնդիրը տարածքայինն է, որը շատ արագ չենք կարող կարգավորել: Իսկ երկաթուղու վերականգնումը  հենց այս կոնտեքստում է»:

Ի դեպ նշենք, որ մամուլի ասուլիսի թարգմանությունը կազմակերպված էր շատ վատ, հաճախ չէր հասկացվում հնչած խոսքերի իմաստը: Թարգմանիչն էլ, ինչպես կառավարությունից վստահեցրին, վրացական կողմն ինքն է ընտրել Հայաստանում Վրաստանի դեսպանատան աշխատակցին եւ չի ցանկացել, որ հայկական կողմը տրամադրի թարգմանիչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031