Այն մեծահարուստ օպերասերների ուշադրության եւ աջակցության կարիք ունի
Թատրոնների բեմական-բեմադրական տեխնիկական հագեցվածությունը առաջին պահանջն է ինչպես բարձրարվեստ բեմադրություններ իրականացնելու, այնպես էլ բարձրագույն թատրոն համարվելու համար: Օրինակ, Մոսկվայի Մեծ թատրոնի վերջին տեխնիկական եւ շենքային վերանորոգման համար ծախսվել է շուրջ 1 մլրդ դոլար, իսկ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի միայն բեմը վերազինելու համար՝ շուրջ 5 մլն ֆունտ ստեռլինգ: Նման ծախսերն, իհարկե, որպես օրենք, ի վիճակի են իրականացնելու միջպետական համաձայնագրերով ստացվող դրամաշնորհների կամ մեծահարուստների միջոցներով: Օրինակ՝ Մարիինյան թատրոնը ունի բանկային հովանավորներ եւ արտերկրյա այլ ազդեցիկ գործընկերներ, իսկ ըստ «Առավոտին» հասած տեղեկությունների, նաեւ հրեա, ռուսաստանաբնակ օպերասեր օլիգարխ, ով ոչ միայն սեփական ներդրումներ է իրականացնում թատրոնում, այլեւ «օպերային» կապեր հաստատում տեղական եւ արտերկրյա հովանավորների հետ, կոորդինացնում է հռչակավոր մշակութային օջախի ողջ ֆինանսական դաշտը: Նման մշակույթ մեզանում դեռեւս չկա: Բայց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը 2012թ. ունեցավ նշված կարգավիճակներից մեկը, այն է՝ հատուկ միջպետական վարկավորումով տեխնիկայի վերջին ճիչով կվերազինվի մեր օպերային թատրոնի բեմը: Անցյալ տարի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Առավոտին» հայտնել էր, որ իր ղեկավարած 90-ամյա մշակութային օջախում 2008-ից սկսած արեւմտյան տարբեր կազմակերպություններ են տեխնիկական վերազինման առումով կատարել հետազոտություններ ու հանդես եկել առաջարկներով: Նրանց թվում էր «Վաագներ բիրոն»: Թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանն էլ ասել էր, թե թատրոնում ներդրվելիք նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա ներկայացումը կառավարել ընդհանուր վահանակով, որի մոտ գտնվող ռեժիսորի օգնականը միաժամանակյա կապ կունենա ներկայացման մեջ ընդգրկված տարբեր ծառայությունների հետ (նվագախումբ, երգչախումբ, բալետային խումբ եւ այլն): Պարոն Աղաբաբյանը նշել էր, թե թատրոնն ի վերջո կունենա ձայնագրման ստուդիա՝ հետագայում CD-ներ, DVD-ներ թողարկելու համար:
Օրերս «Առավոտը» հանդիպեց Երեւանում գտնվող «Վաագներ բիրոյի» մեխանիկական մասի ինժեներ-վերահսկիչ Ֆրիդրիխ Ցոյսի հետ: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ կազմակերպության հիմնադիր Ռուդոլֆ Ֆիլիպ Վաագները դեռեւս 1854թ. Վիեննայում թույլտվություն է ստացել երկաթի առեւտրով զբաղվելու, ինչը արագ վերաճել է Վիեննայի վերակառուցման ծրագրի: Մեկ նախագծի վրա «Վաագներ բիրոն» աշխատել է տարիներ շարունակ, օրինակ՝ 1960-ականներին կառուցել է Հյուսիսային կամուրջը Դանուբ գետի վրա եւ այնպիսի դիզայնով ու որակով, որ 1969թ. Մյունխենում կայանալիք օլիմպիական խաղերի կազմկոմիտեի առաջարկով լծվում է նաեւ այդ աշխատանքին: 1972-ին էլ Սիդնեյի օպերային թատրոնի բեմի վերազինման աշխատանքներն է իրականացրել…
Մեր զրուցակիցը, անդրադառնալով Երեւանի օպերային թատրոնի բեմի վերազինման աշխատանքներին, նշեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հրավիրված ձայնային, լուսային եւ էլեկտրամասնագետների հետ: Այս պահին տեխնիկայի շուրջ 80 տոկոսն արդեն Հայաստանում է եւ ավստրիացի ու գերմանացի մասնագետներն էլ առանց տարաձայնությունների աշխատում են հայաստանցի գործընկերների հետ: Միայն մեկ շաբաթով մեկնել են տուն՝ Սուրբ ծննդյան տոնը դիմավորելու եւ անմիջապես վերադարձել են:
Կարդացեք նաև
Աշխարհում 14 մասնաճյուղ ունեցող «Վաագներ բիրոյի» հայաստանյան ներկայացուցիչները հավաստիացնում են, որ մեր թատրոնը ամբողջությամբ կվերանորոգվի ու կնորացվի: Էլիզաբեթ Երկրորդ թագուհու թանգարանի, Մյունխենի օլիմպիական ստադիոնի եւ հարյուրավոր այլ հեղինակավոր ծրագրեր իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Ֆրիդրիխ Ցոյսն ասաց նաեւ, որ եթե «մեկ-երկու օր Երեւանի օպերային թատրոնի բեմի վերազինման աշխատանքները ձգձգվեն՝ հոգ չէ», օրինակ բերելով Վիեննայում Դանուբ գետի վրա կառուցված կամուրջը, որի աշխատանքները տեւել են շուրջ 10 տարի…
Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ հավաստիացրեց, որ «Վաագներ բիրոյի» պարտականությունների մեջ ներառված է կետ, որով պարտավորվում են իրենց փորձը փոխանցել մեր մասնագետներին: Տնօրենը հույս հայտնեց, որ գուցե գա ժամանակ, որ մեր մեծահարուստներն էլ, իրենց արեւմտյան գործընկերների օրինակով, հոգածություն դրսեւորեն նման մեծամասշտաբ նախագծերի հանդեպ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Կամո Հովհաննիսյանը (ձախից)՝ Ֆրիդրիխ Ցոյսի հետ:
«Առավոտ» օրաթերթ