Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւելագիտության ինստիտուտը կանդրադառնա Մոսկվայի գաղտնի արխիվներին

Հունվար 17,2013 14:23

«Առավոտը» ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր են իրականացվելու առաջիկայում: «Տարին ակտիվ կլինի հատկապես նոր հրատարակությունների եւ գիտաժողովների առումով: Օրինակ, Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Ռեմ Ղազանչյանը երկար տարիներ աշխատել է Մոսկվայի արխիվներում, այդ թվում՝ գաղտնի արխիվներում, եւ փաստաթղթերի ժողովածու կազմել, որ կհրատարակվի այս տարի: Ժողովածուն նվիրված է 1921թ. Մոսկվայի պայմանագրին եւ ներկայացնում է դրա ստորագրման դիվանագիտական ողջ պատմությունը: Փաստաթղթերի մի մասը հիմնված է Մոսկվայի գաղտնի արխիվների նյութերի վրա: Ժողովածուն 1-ին անգամ հնարավորություն կստեղծի ծանոթանալ դիվանագիտական պայքարին եւ պայմանագրի հետ կապված հակասություններին: Ի վերջո, այդ պայմանագրով են որոշվել ներկայիս ՀՀ-ի սահմանները»,- ասաց մեր զրուցակիցը:

Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ 2013-ին եւս գրքեր կհրատարակվեն. «Արդեն հրատարակել ենք թուրքագիտական եւ օսմանագիտական հետազոտություններ՝ 8 հատորով: Նախորդ տարի լույս տեսած վերջին հատորը Հայաստանում օսմաներենի 1-ին ձեռնարկն է: Այս տարի լույս կտեսնի շարքի 9-րդ հատորը՝ հիմնականում անգլերեն, որպեսզի փորձ արվի դուրս գալ միջազգային թուրքագիտական-օսմանագիտական թատերաբեմ: Հատորն իրենից կներկայացնի հոդվածների ժողովածու՝ ժամանակակից Թուրքիայի, ցեղասպանության, օսմանյան պատմության, թուրքական եւ օսմանյան բանասիրության վերաբերյալ: Այդ բնագավառներում, որպես թուրքագետներ, մենք ունենք մեր ասելիքը, որը կներկայացնենք միջազգային մակարդակով»:

Գիտաժողովների վերաբերյալ Սաֆրաստյանն ասաց, որ դրանց մի մասը նվիրված կլինի կովկասագիտությանը եւ Թուրքիայի Հանրապետության կայացման հետ կապված խնդիրներին (այս տարի լրանում է Թուրքիայի Հանրապետության հռչակման 90-ամյակը): «Բացի այդ, Ռուսաստանի նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հետ կկազմակերպվեն համատեղ գիտական կոնֆերանսներ՝ նվիրված տարածաշրջանային զարգացումներին: Կարեւոր միջոցառումներ տեղի կունենան նաեւ ԳԱԱ 70-ամյակին: Այս տարի նույնպես կանցկացվի երիտասարդ արեւելագետների գիտաժողով, որի լավագույն զեկույցները կտպագրվեն»,- հավելեց թուրքագետը:

Նա նաեւ ասաց, որ 2012թ.-ից լույս է տեսնում «Ժամանակակից Եվրասիա» գիտաքաղաքական ուղղվածության պարբերականը. «Առաջին հատորը նվիրված էր Թուրքիային եւ Իրանին, իսկ 2-րդը՝ արաբական աշխարհի վերջին իրադարձություններին: Այս տարի մեկ հատոր կնվիրենք տարածաշրջանային վերջին զարգացումներին, եւս մեկը՝ ներկայիս աշխարհաքաղաքական երեւույթներին»:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031