«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ». Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ
«Թուրքիան դրական արձագանք չի տվել սիրիահայերի կողմից Հայաստան ժամանելու գործընթացը հեշտացնելու նպատակով Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին»:
Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Յունալի կողմից ներկայացված գրավոր հաղորդագրությունը, որի համաձայն «Հայաստանից Սիրիայում ապրող հայերին հասցեագրված մարդասիրական օգնությունը փոխանցելու համար Թուրքիան տրամադրում է բոլոր տեսակի հնարավորություններ»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց որևէ նախապայմանների:
Կարդացեք նաև
«ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքն ունի քաղաքական նպատակներ և չի արտացոլում տեղում ստեղծված իրականությանը», – ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Երկրից հեռանալու դեպքում սիրիահայերը կգերադասեն օդային ճանապարհով տեղափոխվել Հայաստան Հաթայ նահանգից, այլ ոչ թե անցնել մի քանի հազար կիլոմետր երկարությամբ ցամաքային ճանապարհը»:
Արտգործնախարարության խոսնակ Յունալն ասել է նաև, թե Թուրքիան պատրաստ է ոչ մահմեդական փախստականների համար նախատեսված փախստականների հատուկ ճամբար բացել, սակայն նման անհրաժեշտություն դեռևս չկա:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ սիրիացի փախստականների ճամբարներում առկա են ոչ մահմեդական որոշ թվով անձինք, և Թուրքիան պատրաստ է հատուկ ճամբար հատկացնել նրանց համար, եթե ոչ մահմեդական փախստականների թիվը Թուրքիայում ավելանա, և նրանք դիմեն՝ նման ճամբար բացելու պահանջով:
«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ», – տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
Արմեն Հովհաննիսյան
«Ամերիկայի Ձայն»